Ռեկտորատի հերթական նիստը կայացավ 2021թ.-ի հունիսի 18-ին։ Այն վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգի առաջին երկու հարցերը վերաբերում էին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի հունվար-հունիս ամիսների ընթացքում ուսանողների հաճախումների վիճակին եւ մինչև 12 կրեդիտ առարկայական կրեդիտային պարտքերի լրացումների եւ քննությունների կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին։
Դեկանների, Հեռակա դեպարտամենտի պետի, մասնաճյուղերի եւ քոլեջի տնօրենի զեկուցումները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ լուրջ խնդիրներ չունենք, «ռիսկային» գոտում գտնվող ուսանողների թիվը մեծ չէ, իսկ ուսանողին մի կողմից հնարավորություն տալու եւ մյուս կողմից հստակ կարգուկանոնին ենթարկելու՝ ռեկտորատի քաղաքականությունը վերջին կիսամյակում հստակ ցույց է տվել իր հիմնավորվածությունը։
Չորրորդ կուրսերի ուսանողների յուրահատուկ «կարգավիճակի» թելադրանքով, որպես քննարկման արդյունք՝ որոշակի ճկունություն հանդես բերելու որոշում կայացվեց՝ 50 եւ ավելի տոկոս բացակայություն եւ 12 եւ ավելի առարկայական կրեդիտային պարտքերի լրացումներ համար մեկշաբաթյա լրացուցիչ ժամանակ տրամադրելու տեսքով։ Ռեկտորատը հաշվի առավ համավարակի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված ծանր հոգեբանական իրավիճակը։ Այդ մեկ շաբաթը յուրատեսակ իսկության պահ կլինի՝ տվյալների հավաքման եւ վերլուծության միջոցով որոշումներ կայացնելու առումով։ «Ջանք թափող ուսանողը պիտի ստանա իր հնարավորությունը»,- նշեց պարոն Ուռուտյանը։ Իսկ անտարբերներն ու սովորել չցանկացողները կհեռացվեն՝ ռեկտորատի միասնական դիրքորոշումն է։
Ռեկտորատը հավանություն տվեց ռեկտորի հաջորդ առաջարկ-ցուցումին նույնպես՝ համազգային ճգնաժամային փուլը վերջապես միասին հաղթահարելու եւ նոր ուսումնական տարին կարգուկանոնի խիստ, ասել է թե նորմալ ռեժիմով սկսելու վերբերյալ։
2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների, այդ թվում՝ թեստային ձևաչափով, ընթացքը եւ առկա խնդիրները քննարկելիս, ստորաբաժանումների ղեկավարները եւ ՏՏ կենտրոնի տնօրենն արձանագրեցին, որ մասնավորապես թեստային քննությունները դարձել են մեր համալսարանի սովորական գործելակերպ, իսկ երբեմն ծագող տեխնիկական կամ այլ բնույթի անխուսափելի խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են, անհրաժեշտության դեպքում՝ ՏՏ կենտրոնի հետ գործակցաբար։
Թեստային քննությունների սահուն ընթացքն ապահովելու համար, ռեկտորի առաջարկով որոշվեց յուրաքանչյուր ուսումնական տարի քննական նյութերի բովանդակությունը թարմացնել 20 տոկոսով։ Քննությունների գործընթացի առավելագույն արդյունավետությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նկատառումով նոր ուսումնական տարում համապատասխան մոտեցումներ կորդեգրվեն նաեւ հսկիչների նորաթուխ ինստիտուտի բարելավման ուղղությամբ։