Նշանառու մեր համեստ, սակավախոս հերոսներից եւս մեկը՝ Վանյա Ավետիսյան

Գինու տեխնոլոգիա մասնագիտության առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտելով՝ Վանյա Ավետիսյանը մեկնեց բանակ: Փառք Աստծո, վերադարձել է: Համեստ, քչախոս, ավելի ճիշտ՝ լուռ:

Մինչդեռ ծառայել է Մեխակավանում, ՀՕՊ ուժերում: «Իգլայով» կամիկաձե է խոցել: Երբ զարմանքով ու հիացմունքով հարցնում ենք. «Բա ինչո՞ւ ձայն չես հանում, սուսուփուս նստել ես»:

– Ընդամենը մի հատ եմ խփել,- իր հերթին զարմանում է Վանյան:

Մեր այս ուսանողները (նրանցից մի քանիսին ներկայացնելու առիթ ունեցել ենք), այս խելացի, ուժեղ, անհրաժեշտ պահին կենտրոնացող ու գործը ճշգրիտ ավարտին հասցնող երիտասարդները մի «վատ» հատկություն ունեն՝ համեստ են ու չեն սիրում խոսել-պատմել. «Ի՞նչ ենք արել որ…»:

«Երեւանի՞ց ես»: Ասում է. «Հիմա արդեն այո»: Փախցնում է հայացքն ու հասկանում ես, որ կորցրած Հայրենիքի եւս մի բեկորի մասին է խոսքը. «Հադրութի Տող գյուղից եմ»:

Ամեն ինչ ասված է. պատմական Տող գյուղը, որտեղ տեղի էր ունենում Արցախի գինու փառատոնը եւ որտեղ հենց Վանյայի ընտանիքն էր արտադրում Կատարո հրաշք գինին…