Միջազգային ամառային դպրոցից մերոնք պատվով «վերադարձան»

Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած Միջազգային ամառային դպրոց 2020-ի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստումը բավականաչափ արդյունավետ է եղել ՀԱԱՀ-ի շուրջ 20 դասախոսների, մագիստրանտների և ուսանողների համար:

«Միջազգային 10-րդ ամառային դպրոցի ծրագիրը վերաբերում էր ագրարային գիտության զարգացման 14 կարերորագույն ուղղություններին։ Տնտեսագիտական ուղղվածությամբ գործում էին 3 դպրոց՝ Կանաչ էկոնոմիկա, Ագրոտուրիզմ եւ Ագրոբիզնես: Դասընթացներին մասնակցում էին 274 մասնակից 10 երկրների 34 բուհերից, որից տնտեսագիտական բլոկում՝ 126 մասնակից: Դասընթացներն անցկացնում էին 15 դասախոս-բանախոսներ 11 երկրից», – պատմում է Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Անի Կիրակոսյանը։

Ամառային դպրոցի ընթացքում քննարկվել են պարենային ապահովության հիմնախնդիրներին, համաշխարհային տնտեսությունում COVID-19-ի հետեւանքներին, կապույտ էկոնոմիկային եւ ծովային առեւտրին, կլիմայի փոփոխությանը եւ գլոբալ տաքացման միտումներին առնչվող եւ այլ հարցեր: Հնարավորություն է ստեղծվել նաեւ ներկայացնել ու միջազգային գիտական ամսագրերում տպագրության հանձնել հոդվածներ:

Ամառային դպրոցի բավականին հագեցած ծրագիրը ներառում էր նաեւ ստարտափ նախագծերի ներկայացում։ Այս առումով տիկին Կիրակոսյանը գոհունակությամբ է նշում, որ ստարտափ գաղափարների մրցույթում առաջին եւ երկրորդ պատվավոր տեղերը զբաղեցրել են մեր համալսարանի ներկայացուցիչները։ Մագիստրանտ Ռազմիկ Միչիկյանն առաջինն էր, իսկ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի թիմը՝ Անի Կիրակոսյան, Ալվարդ Մատինյան և Դիանա Վարդանյան կազմով՝ երկրորդը։

Ամառային դպրոցը շատ օգտակար էր մեր երիտասարդների համար՝ մասնագիտական ներուժի բացահայտման, որպես մասնագետներ կայանալու եւ միջազգային գործընկերային կապեր ձեռք բերելու առումով։ Երիտասարդ մասնագետներն այս առումով բարձր են գնահատում թե հյուրընկալող համալսարանի կազմակերպչական ջանքերը եւ թե մեր համալսարանի ղեկավարության ընդհանուր քաղաքականությունն ու կոնկրետ մարդկանց ներդրած ջանքերը։

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանին, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Վարդան Ալեքսանյանին՝ ինձ համար կարեւոր վերապատրաստմանը մասնակցելու այս հնարավորության համար, իսկ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանին շնորհակալ եմ՝ թափանցիկ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Անշուշտ, շնորհակալ եմ նաեւ իմ գործընկերներին՝ բարձր մակարդակով հանդես գալու եւ թիմային աշխատանքի համար», – ասում է Անին: