Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 27-ին մասնակցեց «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով առցանց քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
Քննարկման հիմնական առարկան IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցն էր (Global Food Policy Report), որն անդրադառնում է համավարակից հետո պարենային համակարգերի փոխակերպմանը եւ քննության առնում համաշխարհային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում համավարակից քաղած դասերի հնարավոր օգուտները՝ պարենային համակարգերի դիմակայունության, հարակայունության, ներառականության եւ որակի բարելավման տեսակետից։
Ռեկտոր Ուռուտյանի ներկայացումը վերաբերում էր Հայաստանի օրինակին․ նա անդրադարձավ համավարակի եւ Արցախյան պատերազմի լուրջ ազդեցությանը նախորդ տարվա մակրոտնտեսական պատկերի վրա, տնտեսական կորուստներին, մատակարարման շղթայի մարտահրավերներին եւ տնտեսական քաղաքականության մակարդակում ձեռնարկվող առողջացման քայլերին։
Քննարկման մասնակից փորձագետները քննարկեցին համավարակի ազդեցությունը պարենային համակարգերի վրա՝ խաթարելով արժեշղթաները, նվազեցնելով տնային տնտեսությունների եկամուտները եւ բարձրարժեք սննդարար մթերքի սպառումը, ինչպես նաեւ լրջորեն սահմանափակելով կրթական ու առողջապահական ծառայություններն ու ավելացնելով աղքատությունը։ ՔՈՎԻԴ-19-ը վեր հանեց պարենային համակարգերի ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ ի հայտ բերեց քաղաքականության եւ տեխնոլոգիական խոստումնալից նորարարություններ։
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Գյուղատնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանը։
IFPRI-ն հիմնադրվել է 1975թ.-ին՝ զարգացող երկրներում աղքատության կրճատման, սովի եւ թերսնման վերացման առաքելությամբ։ IFPRI-ն գործում է ավելի քան 50 երկրներում։
Քննարկման հղումը՝ ստորեւ։