ՀԱԱՀ ղեկավարների այցը Վանաձորի անտառային տնկարան եւ նորարարական հաբ

Մայիսի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը մեկնեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ՝ ծանոթանալու անտառային տնկիների ջերմատան շինարարության ընթացքին եւ այցելելու նորաբաց նորարարական հաբ։

Անտառային տնկիների ջերմատունը կառուցվում է Մայ Ֆորեսթ Արմենիա կազմակերպության հետ համատեղ։ Ծանոթանալով շինարարության ընթացքին, ռեկտորն ու պրոռեկտորն արձանագրեցին, որ ջերմատունը պատրաստ կլինի շահագործման արդեն մեկ ամսից, որից հետո կսկսվեն փորձարկումները, որոնք էլ հիմք կհանդիսանան անտառապատման հետագա աշխատանքների իրականացման համար։ Ջերմատունը հագեցած կլինի խելացի լուծումներով, սենսորներով եւ այլ անհրաժեշտ սարքավորումներով։ Այն կհանդիսանա գործնական միջավայր թե ուսանողների եւ թե հետազոտողների համար՝ իրենց ուսումնահետազոտական նախագծերն ու ծրագրերն իրականացնելու համար։ Անշուշտ, մեր ուսանողներն ու դասախոսները Մայ Ֆորեսթ Արմենիայի գործընկերների հետ համատեղ անտառտնկումներ կիրականացնեն։

Ռեկտոր Ուռուտյանն ու պրոռեկտոր Մինասյանը, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Աշոտ Շերմազանյանի ուղեկցությամբ, եղան նաեւ Գյուղական նորարարական գիտելիքի նորաբաց հանգույցում (հաբ)։ Նախաձեռնությունն իրականացվում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որը ԵՄ աջակցությամբ իրականացնում է Կովկասյան բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN)՝ Կանաչ Արահետ ՀԿ-ի (Հայաստան) եւ KRDF-ի (Վրաստան) հետ մեկտեղ:

Հաբի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում: Այստեղ մարզի երիտասարդները առաջ կքաշեն նոր գաղափարներ, ձեռք կբերեն գիտելիքներ եւ դրանք գործնականում օգտագործելու հնարավորություն, կձեւավորեն աշխատանքային թիմեր, կհյուրընկալեն դասընթացներ սոցիալական ձեռներեցության եւ կանաչ գյուղատնտեսության թեմաներով եւ այլն։

Համալսարանի ղեկավարության հետեւողական հետաքրքրությունը թե անտառային տնկիների ջերմատան եւ թե նորարարական բազմաշահակից հարթակի նկատմամբ պատակահան չէ։ Երկուսն էլ միտված են Լոռու մարզի երիտասարդության տարբեր շերտերի, այդ թվում Վանաձորի մասնաճյուղի՝ մարզի տարբեր համայնքներ ներկայացնող ուսանողների՝ որպես ապագա մասնագետների, մրցունակության բարձրացմանը եւ սոցձեռներեցության ու կանաչ գյուղտեխնոլոգիաների զարգացմանը։