ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժինը, բազային ֆինանսավորման թեմաներին զուգահեռ, ներկայումս իրականացնում է ինտենսիվ եւ ավանդական այգեգործության լիակատար հողամշակման մեքենայի նախագծման աշխատանքներ: Այն կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտական կենտրոնից ֆինանսավորվող թեմատիկ ֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 25.7 միլիոն ՀՀ դրամ է, որից 9 միլիոնը՝ համաֆինանսավորմամբ:
Բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի փոխանցմամբ, այս պահին արդեն ունենք 5-ից բարձր տարիքի պտղատու այգիների միջբնային եւ մերձբնային տարածությունների հողամշակման մեքենա, որը լիովին կբավարարի այգեգործների պահանջը այգեգործական տարածքներում հողամշակման եւ մոլախոտվածության դեմ մեխանիկական պայքարի աշխատանքներում:
Կատարված գիտական հետազոտական աշխատանքները տպագրված են ՀԱԱՀ գիտական պարբերականում եւ ամրագրվել են ՀՀ գյուտի արտոնագրով:
«Ինտենսիվ այգիներում շահագործման համար նախատեսված հողամշակման մեքենան կբավարարի ինտենսիվ այգեգործության ագրոտեխնոլոգիական պահանջները, կապահովի միջբնային եւ մերձբնային տարածությունների լիակատար հողամշակում եւ կպայքարի մոլախոտվածության դեմ՝ առանց հերբիցիդների կիրառման, հերեւաբար եւ ապահովելով բարձր որակի առողջ բերք»,- ասում է պարոն Ալթունյանը:
Համավարակի «կամքից» անկախ, գոհացուցիչ մեկնարկ են ապահովել 2020թ.-ի համար նախատեսված աշխատանքները։ Մասնավորապես, բազային ֆինանսավորմամբ իրականացվում են կանաչ կերերի արտադրության, այգեգործության հողամշակման մեքենաների աշխատանքային օրգանների կառավարման եւ ցողունների վիբրոկտրման հետազոտական աշխատանքները։
Բաժինը սկսել է իրականացնել նոր նախագծվող գյուղմեքենաների եռաչափ մոդելավորման աշխատանքներ: Ընթացքի մեջ է նախագծման եւ գիտափորձերի իրականացման համար անհրաժեշտ սարք-սարքավորումներով (3D տպիչ, բարձր ճշգրտության չափիչ սարքեր եւ այլն) եւ մեքենաշինական լաբորատոր սարքավորումներով (մետաղների կարծրության ստուգման սարք եւ ջերմամշակման բազմաֆունկցիոնալ վառարան) համալրումը:
Ալթունյանը եւ նրա թիմը համոզված են, որ այս լրակազմը լավ նախադրյալ է գիտական, ուսումնական եւ արտադրական շղթայի ամբողջական զարգացման համար: