Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Կենսագործունեության անվտանգության ամբիոնում դիպլոմային նախագծերի պաշտպանությունը կարելի էր հանգիստ խղճով անվանել նաեւ մեր ուսանողների կողմից տեխնիկական անվտանգության զարգացող ոլորտում նոր խոսք ասելու հավակնությունների ցուցադրություն:
Հանձնաժողովի անդամները շեշտադրեցին այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերի թեմաները, բնականաբար՝ դիտողությունների տեղ թողնելով հանդերձ, արդիական ու կարեւոր են:
Դրանք վերաբերում էին համալսարանի ջերմատան ջեռուցման համակարգի անվտանգ շահագործմանը, պտղատու այգիներում իրականացվող ագրոտեխնիկական միջոցառումների անվտանգությանը, 2-րդ մասնաշենքում միկրոկլիմայական պայմանների բարելավմանը, վաղ գարնանային հեղեղումների հետեւանքների նվազեցմանը, «խելացի» անասնաշենքերում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ապահովմանը, գազաբալոնային ավտոմոբիլների շահագործման ընթացքում հրդեհապայթյունային անվտանգության ապահովմանը, կանաչ պատի ավտոմատ կառավարմամբ կաթիլային ոռոգմանը եւ այլն:
Դիպլոմային բոլոր նախագծերը արժանացան հանձնաժողովի գերազանց եւ լավ գնահատականների: