Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը

Ամեն տարի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ինձ համար սպասված ու գեղեցիկ առիթ է շնորհավորանքի եւ, որ ավելի կարեւոր է՝ շնորհակալության խոսք ուղղելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին։

Սիրելի գործընկերուհիներ, վերջին մեկ-երկու տասնամյակում աշխարհով մեկ ակնհայտորեն ընդլայնվել է Մարտի 8-ի նշանակությունը՝ զուտ կանանց իրավունքների ու շահերի պաշտպանության  տոնից աստիճանաբար վերածվելով նրանց դերի գնահատման, նրանց նկատմամբ մասնագիտական, հանրային, քաղաքական վստահության բարձրացման համընդհանուր վկայության։

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, պատահական չի ընտրել տոնի թեման՝ «Առաջնորդ կանայք․ հասնել հավասար ապագայի ՔՈՎԻԴ-19-ի աշխարհում»։ Կանանց առաջնորդությունը առաջընթացի շարժիչ ուժն է թե´ աշխարհը պատուհասած համավարակի դեմ պայքարում եւ թե´ առհասարակ որեւէ ոլորտում, եւ սա ընդունում է ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը։

Կյանքը եւ նույնիսկ հետազոտական դիտարկումները ցույց են տալիս, որ այն ոլորտներն ու հաստատությունները, որտեղ կանայք էական մասնակցություն ունեն նորացման ու առաջընթացի գործընթացում՝ հասնում են ավելի արագ, ավելի խորքային ու անշրջելի դրական փոփոխությունների։ Լավագույն օրինակ փնտրելու կարիք չկա՝ այդ օրինակը հենց մեր համալսարանն է։ Բարեփոխումների մեկնարկից ի վեր եւ մշտապես մենք մեծապես հենվում ենք մեր կին դասախոսների, հետազոտող գիտնականների, ստորաբաժանումների ղեկավարների եւ, իհարկե, մեր խելացի, աշխատասեր, պրպտող ուսանողուհիների բնատուր տաղանդի, աշխատասիրության, համալսարանի արժեքներին նվիրվածության ու նպատակասլացության վրա։

Ահա այսօր գեղեցիկ առիթ է, որ մերոնց բոլորին ասեմ՝ շնորհավոր Կանանց միջազգային օր եւ շնորհակալություն, որ այդքան գեղեցիկ եք, այդքան խելացի, աշխատասեր ու նվիրված։ Մենք միասին հաջողելու ենք, քանզի դուք եք մեր հենարանն ու ուսընկերը, սիրելի կանայք։

Նախորդ մարտի 8-ից մինչ այսօր մենք ձեզ հետ միասին շատ ծանր տարի անցկացրեցինք։ Այս պահին մեր մտքերն ու զգացումները այն մայրերի հետ են, որոնց հերոս որդիներն անմահացան Հայրենիքի համար ծանրագույն պահին, հանուն Հայրենիքի վաղվա լավ օրվա։ Խաղաղություն մեր երկրին, ձեր բոլորի ընտանիքներին եւ ձեր մայրական հզոր ոգուն։ Ձեր մխիթարությունը թող լինի վաղվա ավելի լավ Հայրենիքը, որ միասին ենք կերտում։ Ագրարային համալսարանում ամեն օր մենք մոտեցնում ենք այդ գեղեցիկ օրը՝ հավատարիմ մնալով ձեր որդիների պատգամին եւ շարունակելով նրանց կիսատ թողած գործը։