Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ:
Ինչպես արդեն հայտարարվել է, ՀԱԱՀ-ում այս շաբաթ դադարեցվել է ուսումնական գործընթացը՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշումը: Այն վերաբերում է ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակիցներին:
Հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհով մեկ եւ թե՛ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մեր երկրում, անում են անհրաժեշտ բոլոր գործողությունները նորահայտ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:
Նպատակահարմար եմ համարում ձեզ կոչ անել իրականացնել հետեւյալ կանխարգելիչ գործողությունները.
- Լրջորեն եւ շրջահայաց կերպով վերաբերվել ստեղծված իրավիճակին, միեւնույն ժամանակ ոչ մի դեպքում խուճապի չմատնվել եւ խուճապ չտարածել:
- Հետեւել Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ այլ աղբյուրների՝ կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությանը:
- Ձեռքերը պարբերաբար եւ մանրակրկիտ լվանալ համապատասխան լվացող միջոցներով, պահել ձեռքերի ախտահանման միջոցներ:
- Խուսափել հիվանդ անձանցից, մեծաթիվ հավաքներից, ճամփորդելուց, հնարավորինս՝ հանրային տրանսպորտից:
- Միմյանց ողջունել առանց ձեռքսեղմումների եւ մանավանդ` «ավանդական» համբույրների:
- Տանը թե աշխատատեղում մաքրել եւ հնարավորինս ախտահանել ձեր անձնական պարագաները՝ համակարգիչ, հեռախոս եւ այլն:
- Հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը փակել արմնկածալով կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն օգտագործումից անմիջապես հետո պետք է գցել աղբարկղ:
- Հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում պարտադիր մնալ տանը եւ բժիշկ կանչել:
Մեր համալսարանի բժշկուհին հաստատակամորեն հորդորում է նաեւ կատարել առնվազն հետեւյալ լրացուցիչ գործողությունները.
- ֆիզլուծույթով քթի խոռոչների եւ կոկորդի մշակում,
- դեմքի եւ ձեռքերի մաշկի հականեխիչներով մշակում,
- մսային սննդամթերքի ջերմային մշակման ռեժիմների պահպանում:
2019թ. դեկտեմբերին Չինաստանի Վուհան նահանգում ի հայտ եկած Coronaviridae ընտանիքի կորոնավիրուսը (հայաստանյան սոցցանցերում արդեն «թագավարակ» հետաքրքիր անվանումը ստացած) միանգամայն հաղթահարելի է, պարզապես պետք է աչալուրջ լինենք:
Մենք կշարունակենք հետեւել պաշտոնական տեղեկատվությանը եւ ձեզ տեղյակ կպահենք հետագա քայլերի մասին:
Հարգանքով՝
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյան