Կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդների հմտությունների զարգացման անհրաժեշտության վերլուծությունը «Կանաչ արահետ» ՀԿ-ին եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանգեցրեց Վանաձորի մասնաճյուղում ստեղծել հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում:
Այդ հարթակը՝ Գիտելիքի նորարարական հաբը (հանգույցը) արդեն իրականություն է դարձել EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակում:
Այստեղ հնարավոր կդառնա նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռքբերումն ու գործնական օգտագործումը, աշխատանքային թիմերի ձեւավորումը, դասընթացների, միջոցառումների հյուրընկալումը: Ինչպես Վանաձորի մասնաճյուղից հաղորդում է մեթոդիստ Աննա Խառատյանը եւ նորաստեղծ հաբի պատասխանատու Տաթեւիկ Հովսեփյանը, հաբի բացմանն ընդառաջ, վերանորոգված ու դեռ մասնակի կահավորված տարածքում առաջին միջոցառումը «Համայնքային բյուջե» խաղի co-design եւ գաղափարների գեներացում թեմայով էր, որին մասնակցում էին Լոռու մարզի՝ թեմայով հետաքրքրված մի խումբ երիտասարդներ:
Երկրորդ հետաքրքիր միջոցառումը նվիրված էր Կենսաբազմազանության միջազգային օրվան՝ մայիսի 22-ին եւ ներառում էր բովանդակային քննարկում, ֆիլմի դիտում եւ թիմային աշխատանք:
Նախաձեռնությունն իրականացվում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որը ԵՄ աջակցությամբ իրականացնում է Կովկասյան բնապահպանական ՀԿ-ների ցանցը՝ CENN-ը՝ գործընկեր կամակերպությունների հետ մեկտեղ՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան) եւ KRDF (Վրաստան):