Բաց տարածքի ոճի նոր սրահ՝ շուտով

Չնայած համավարակին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում չեն թուլանում նոր ենթակառույցների, ուսանողների համար նոր միջավայրի ստեղծման աշխատանքների տեմպերը։

Իրականանում է ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւս մեկ նորարարական գաղափար՝ ավարտվել է «բաց տարածքի» ոճով համալսարանական երկրորդ սրահի շինարարությունը համալսարանի նախկին մամուլի սենյակում, եւ մեկնարկել է տարածքի կահավորման փուլը։

Նոր տարածքն իր կահավորանքով եւս մեկ արդիական ու գունեղ անկյուն կլինի, որը կօգտագործվի բազմակի նպատակներով՝ քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ, շնորհանդեսներ եւ այլն։ Այն կնպաստի դասախոսների եւ առհասարակ համալսարանի հետ ուսանողների կապի ամրապնդմանը եւ ստեղծագործական մտածելակերպի ու հմտությունների զարգացմանը։

Առաջիկայում նոր տարածքի եւ գրադարանի միջակայքում կհառնի կանաչ պատը, որը կնախագծեն եւ կիրականացնեն ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մասնագետները՝ ուսանողների հետ միասին։

Ռեկտորի այս գաղափարին աջակցում են համալսարանի երեք շրջանավարտներ։ «Նրանց հետ պայմանավորվածության համաձայն, իրենց անունները կհնչեցնենք սրահի բացման ժամանակ», – ասում է պարոն Ուռուտյանը։

Աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաեւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամը։

Այս նախաձեռնությունը համալսարանի ներքին միջավայրը փոխելու շարունակական գործընթացի մաս է կազմում։ Արդեն բավական մեծ ծավալի աշխատանքներ իրականացվել են, եւ կայուն տեմպով շարունակվող փոփոխությունների շնորհիվ համալսարանն ունենալու է նոր միջավայր, նոր գույներ եւ, անշուշտ, նոր հնարավորություններ ուսանողների համար։