Մարտի 16-ին ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Մուտք դեպի աշխատաշուկա» թեմայով քննարկում, որը վարում էր «Արմքոուչինգ» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Աննա Բարոյանը:
Հիշյալ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Ամալյա Գալստյանն ասաց, որ նախաձեռնության նպատակն է օգնել ուսանողներին, նրանց հետ միասին դիտարկել այն խնդիրները, որոնք դժվարացնում են մուտքը աշխատաշուկա:
Ի պատիվ մեր հյուրի, պետք է նկատենք, որ շատ անմիջական, ուղիղ, շիտակ շփվեց երիտասարդների հետ, շատ արագ նվաճեց նրանց վստահությունն ու կարողացավ բոլոր ներկաներին ներառել բավականին բուռն քննարկման մեջ: Տիկին Բարոյանը ոչ թե պատգամներ ու պատվիրաններ էր տալիս, այլ հուշում էր ուղիները, որոնց շնորհիվ մեր ուսանողները կկարողանան հաղթահարել աշխատանք «ճարելու» դժվարին գործընթացը: Եւ ոչ միայն աշխատանք, այլ սիրելի աշխատանք գտնելու երջանկությունը:
Տիկին Բարոյանի համոզմամբ, աշխատաշուկայի պահանջներն ու առաջնահերթությունները շատ արագ են փոփոխվում: Իսկ հարցին, թե բուհը ինչպես կանխատեսի գալիքի աշխատաշուկայի մարտահրավերները, որ շրջանավարտները ոչ թե երեկվա, այլ վաղվա պահանջներին համապատասխանեն, բանախոսն ասաց. «Կարծում եմ, IQ-ի գործակցին փոխարինելու է գալու LQ-ն, սիրո գործակիցը եւ հաղորդակցման հմտությունները, դրական կենսաէներգիան վճռորոշ են լինելու»:
Թե որքանով կիրառելի ու գործուն կլինեն Աննա Բարոյանի «հուշումները»` տեսանելի ապագան ցույց կտա, քանզի ընթերցասրահում հավաքված էին երիտասարդներ, որոնք լավ աշխատանք գտնելու ակնհայտ կամք ու վճռականություն ունեին: