Այն, որ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջում հրավիրված՝ «Աշխատաշուկայի հնարավորությունները երիտասարդների համար» թեմայով քննարկումը շատ կարեւոր էր ու սպասված, ակնհայտ էր: Ներկա էին Ագրարայինի գրեթե բոլոր թողարկող ամբիոնների վարիչները, շարունակական կրթության, փորձուսուցման պատասխանատուները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Քոլեջի տնօրեն Արմեն Աղասարյանը հակիրճ նեկայացրեց իր ղեկավարած հաստատությունը: 507 երիտասարդ կրթություն է ստանում 13 մասնագիտության գծով: Տանտերերին հետաքրքրում էին գործատուների՝ նորավարտներին ներկայացվող պահանջները, մասնագիտական հմտությունների եւ կարողությունների ակնկալվող շրջանակը, փորձուսուցման հասցեների ընդլայնման հնարավորությունները:
Արտակ Աղբալյանը հորդորեց մասնագիտությունների ցանկը թարմացնել միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) չափորոշիչների տրամաբանության համապատասխան: Նրա դիտարկումներով երկրում միջին մասնագիտական կրթությամբ՝ սննդի տեխնոլոգների (օրինակ՝ պանրագործներ), լանդշաֆտի, պարտեզապուրակային տնտեսության ոլորտի, մաքրման կայանների մասնագետների պահանջարկ կա, չունենք եռակցողներ, զոդողներ (գյուղմեքենայացման խումբ մասնագիտությունների տրամաբանության շրջանակում են):
Գագիկ Մակարյանը խոսեց ՀՀ կառավարության որդեգրած երեք գերակա ուղղության մասին՝ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ գյուղատնտեսություն: Իսկ դա նշանակում է, որ մեր բուհը ժամանակակից պահանջները բավարարող կադրերի պատրաստման պատասխանատուն է:
Պարոն Մակարյանը երիտասարդներին հորդորեց մասնագիտությունից բացի լավ սովորել նաեւ օտար լեզուներ՝ տեղեկատվության աղբյուրները ընդլայնելու համար: Ծույլ, անփույթ, դանդաղկոտ, ինքնակրթությամբ չզբաղվող մարդը չի կարող աշխատաշուկայում մրցունակ լինել: Ժամանակակից կյանքը իր ռիթմն է թելադրում:
Ներկաները համակարծիք էին. շահադրդված, նպատակամետ համալրում ունենալու համար հարկ է մասնագիտական կողմնորոշման աշխատանքները լավ կազմակերպել:
Քննարկմանը մասնակցող սաները խոսեցին փորձուսուցման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին: Առաջարկություն եղավ հարկային արտոնություններ սահմանել այն ընկերությունների համար, որոնք կհամագործակցեն կրթական հաստատությունների հետ եւ իրենց դռները կբացեն արդյունավետ փորձուսուցման նպատակներով:
Հայաստանի գործատուների միությունից Նարե Սարգսյանն էլ երիտասարդներին հորդորում էր աչալուրջ հետեւել աշխատաշուկայի միտումներին, քանզի առաջիկայում շատ մասնագիտությունների մասին հավանաբար կխոսենք… անցյալ ժամանակով:
- 19/12/2019
- 2019