Աղավնաձորում մեկնարկել է Ագրոճամբարի շինարարությունը

ՀԱԱՀ Զարթոնք հանգստյան տանը մեկնարկել են նորարարական ագրոճամբարի շինարարական աշխատանքները: Փետրվարի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն այցելեցին համալսարանի Զարթոնք հանգստյան տուն եւ ծանոթացան Ագրոճամբարի աշխատանքների ընթացքին:

Նորարարական ճամբարը ստեղծվում է «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում, որն իրականացնում է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ-ի համաֆինանսավորմամբ։ Ճամբարում նախատեսվում է անցկացնել գյուղատնտեսության թեմաներով վերապատրաստում եւ ուսուցում մասնավոր հատվածի, ուսանողների, դասախոսների եւ երիտասարդ մասնագետների թիրախային խմբերի համար:

Ընդհանուր առմամբ, ռեկտոր Ուռուտյանը եւ պրոռեկտոր Զաքոյանը ընթացիկ շինվերակառուցողական աշխատանքների ընթացքը եւ տեմպը բավարար են համարում. հանգստյան տան հարկաբաժինների, ժողովների սենյակի, խոհանոցի ու ճաշարանի վերանորոգումը բնականոն հունի մեջ են: Վերանորոգման եւ կահավորման աշխատանքների ավարտից հետո՝ ամռանը, Ագրոճամբարը շահագործման կհանձնվի:

Համալսարանի ղեկավարների «վաղ»՝ շինվերակառուցողական աշխատանքների մեկնարկային փուլում այցելությունը եւ շինարարների հետ մտքերի փոխանակումը թելադրված էր, մասնավորապես, Ագրոճամբարի նորարարական գաղափարի մարմնավորման հարցում լիակատար միաբանություն ապահովելու անհրաժեշտությամբ: Չէ որ Ագրոճամբարը գործնական ուսուցման համար զուտ նորացված, գեղեցկացված ու հարմարավետ հարկաբաժինները չեն միայն. այն ունենալու է նաեւ պտղատու այգի, հատապտուղների այգի, գյուղատնտեսական սարքավորումների փոքր կենտրոն, «խելացի» հավաբուծարան: Այս բոլորը կազմելու են մեկ արդիական համալիր, որը գործելու է որպես ռեսուրսախնա շրջանաձեւ տնտեսավարման համակարգ։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի հերթական գաղափարը մարմին է առնում: