Ալեքսանդր Ենգոյան. ականավոր գիտնականն ու համեստ մարդը

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Փայլակի Ենգոյանը 70 տարեկան է: Գիտամանկավարժական առինքնող ճանապարհ անցած մեր գործընկերը չի սիրում հայտնվել ուշադրության կենտրոնում, համեստորեն լռում է իր գիտական նվաճումների մասին, ձեռքբերումների-հայտնագործությունների մասին խոսելն համարում է անհարկի: Սակայն պետք է գրենք, որ անտեղյակներն իմանան. նա առաջին մասնագետն էր, որ իրականացրեց միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիան, եւ մոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրության այս հզոր մեթոդը ներդրվեց ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում: Հետազոտող գիտնականի փորձառությամբ Ենգոյանը 1996-ին սկսեց մանկավարժական գործունեությունը՝ Ագրարային համալսարանում: Տարիներ անց նա համատեղեց նաեւ Սլավոնական համալսարանի ընդհանուր եւ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը:

2004-ին Ալեքսանդր Ենգոյանը փոխարինեց ակադեմիկոս Վռամ Դովլաթյանին՝ նրա ստեղծած խոշոր գիտական կենտրոնի` պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի ղեկավարությունը ստանձնեց եւ գործի արժանի շարունակողը եղավ:

Ալեքսանդր Ենգոյանը այսօր էլ կարեւորագույն ուսումնասիրություններ է կատարում սինթեզի, կառուցվածքային եւ կենսաբանորեն ակտիվ օրգանական միացությունների ուղղությամբ, որը նոր դեղամիջոցների եւ պեստիցիդների ստեղծման անկյունաքարն է հանդիսանալու:

«Պրոֆեսոր Ենգոյանը նաեւ հրաշալի ղեկավար է՝ պահանջկոտ, ուշադիր, արդարացի: Նա հուսալի ընկեր է, անսահմանորեն կարեկցող՝ օգնության կարիք ունեցողի նկատմամբ: Լաբորատորիայում այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որը պարարտ հող է դառնում նոր հետաքրքիր ուսումնասիրությունների եւ հայտնագործությունների համար», – ասում է պրոֆ. Տաիրա Պապոյանը:

Ալեքսանդր Ենգոյանը հրաշալի ընտանիքի առաջնորդ է՝ նվիրված ու սիրող-սիրված ամուսին-հայր-պապիկ: Մաղթենք մեր սիրելի գործընկերոջը առողջ երկարակեցություն, երջանիկ ու տաք ընտանեկան ակութ, անսպասելի հայտնագործություններով լի գիտահետազոտական կյանք: