«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի «ԹՈՒՄՈ լաբորատորիաներ» կրթական ծրագիրը ակտիվ գործակցություն է սկսել Ագրարային համալսարանի հետ, որն ուղղված է ուսումնահետազոտական-գործնական նպատակների իրականացմանը: Հետաքրքրական ու կարեւոր համատեղ ծրագիր է նախատեսվում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
Ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանից տեղեկացանք, որ ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստակամորեն են արձագանքել բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի, լուսավորվածության եւ այլ պարամետրերի դիտարկման ավտոմատ համակարգի վերաբերյալ ուսանողների վերապատրաստման՝ ԹՈՒՄՈ լաբորատորիաների առաջարկը: Շուկայական արդի միտումներին համապատասխանող այս ծրագիրը կմեկնարկի հաջորդ կիսամյակի առաջին իսկ օրերին, նախ՝ 5-րդ ավարտական կուրսի ուսանողների համար:
Ընդհանուր առմամբ 60 ժամ տեւողությամբ (10-12 շաբաթ) դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, ինչպիսիք են տարբեր սարքակազմեր ճանաչելն ու դրանց օգտագործումը, սարքակազմերի վերաբերյալ գիտելիքները կենցաղում օգտագործելու կարողությունը, միջանձնային հմտությունները, անգլերենով ներկայացումներ անելու եւ գրավոր հմտությունները, նախագծերի կառավարման գործում թվանշային հարթակի օգտագործումը, ինչպես նաև թիմային աշխատանքը:
Ուսանողները անհամբերությամբ են սպասում հերթական նորարարական դասընթացի մեկնարկին, որի գործնական արդյունքը, «թագն ու պսակը» լինելու է վերոնշյալ համակարգի պատրաստումը սեփական ձեռքերով: Այն կգործի համալսարանի նորակերտ բաց տարածքներից մեկում: