«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա դասընթաց» խմբակի անդամ 10-րդ դասարանի վաթսուն աշակերտներ ուսուցիչների եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Մերի Յոլյանի ուղեկցությամբ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ եւ կենդանական աշխարհ» թեմայով նախատեսված գործնական աշխատանքը անցկացրեցին «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղում:
Աշակերտներին անտառտնտեսությունում ընդունեց անտառապետ Գագիկ Շողունցը, որն աշակերտների համար կազմակերպեց շրջայց անտառում, ներկայացրեց անտառի ստեղծման պատմությունը, կարեւորությունը, տեսակային կազմը, հարկայնությունը:
Այցի շնորհիվ աշակերտները պատկերացում կացմեցին անտառաշինության բաղադրիչների, այդ թվում անտառային տնտեսությունների սահմանների որոշման, տեղագրական աշխատանքների կատարման, քարտեզագրման, անտառվերականգնման, հատումների, անտառների ընդլայնման, հրդեհներից, վնասատուներից, հիվանդություններից պաշտպանության նպատակով կատարվող միջոցառումների մասին։
Ընթացքում աշակերտները հավաքեցին որոշ բուսատեսակներ, որոնք ուսուցիչների ցուցումով տեղավորեցին հատուկ թղթապանակներում, որպեսզի հետագայում պատրաստեն հերբարիումներ: