Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը փետրվարի 19-ին Սիներջի բիզնես կենտրոնում կայացած՝ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատոր/դեմո օրվա շրջանակում անցկացված ստարտափ թիմերի մրցույթի ժյուրիի կազմում էին: Չորս ամիս տեւած ինկուբացիոն փուլից հետո եզրափակիչ էին դուրս եկել 8 թիմեր: Կազմակերպիչն ու համակարգողը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն է եւ դրա անխոնջ համադրող Հովհաննես Երիցյանը: Մրցույթն իրականացվում է ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։
Տարեցտարի ավելանում է ագրոտեխնոլոգիաների ոլորտի այս կարեւոր իրադարձության ժողովրդականությունը, ընդգրկումը, թեմաների հրատապությունն ու նպատակայնությունը: Չորս տարի առաջ մրցույթը մեկնարկեց 16 դիմորդներով. այս տարի մասնակցելու համար դիմել են 130 ստարտափ թիմեր: Ի դեպ, անցյալ տարվա եզրափակիչ փուլի երեք հաղթողներից երկուսն այնուհետեւ հաղթող են ճանաչվել այլ, ավելի մասշտաբային ստրարտափային մրցույթներում:
Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը եւ EU-GAIA-ի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսը: Նրանք Հայաստանին աջակցելու իրենց առաքելությունը կարեւոր համարեցին կանաչ եւ թվային գյուղատնտեսության զարգացման, ընդհանրապես ոլորտում համագործակցության զարգացման տեսակետից:
Հիմնական բանախոսներից փոխնախարար Արման Խոջոյանը շեշտադրեց մասնակիցների առաջարկած նորարարական լուծումների կարեւորությունը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած առանցքային խնդիրների, մասնավորապես՝ պարենային անվտանգության եւ կլիմայափոխությանը հարմարվողականության տեսակետից:
Հաջորդ երկու հիմնական բանախոսներն էին IntelinAir ընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանը եւ ագրոտեխնոլոգիաների անցյալ տարվա մրցույթի հաղթող թիմերից մեկի՝ MiCofe-ի ներկայացուցիչ Լիանա Վանյանը: Առաջինը ներկայացրեց տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսությունում եւ իր ընկերության հաջողության պատմությունը, երկրորդը՝ մեկ տարվա ընթացքում իրենց ընկերության անցած հետաքրքիր ճանապարհը:
Այնուհետեւ տեղի ունեցան մեկը մյուսից հետաքրքիր 8 ստարտափ գաղափարների ներկայացումները, որոնք, ի վերջո, պետք է ի հայտ բերեին 3 հաղթողներին: Պրոֆեսիոնալ ժյուրին, սակայն, խորհրդակցությունից հետո հայտարարեց չորս հաղթողների անունները՝ երկու անվերապահ, եւ եւս երկուսը, որոնք կկիսեն հաղթող մեկ թիմի համար նախատեսված մրցանակային 12500 եվրոն (ընդհանուր առմամբ մրցանակային ֆոնդը կազմում է 37000 եվրո):
Անվերապահ հաղթող թիմերից մեկի՝ Traps Analytics-ի երեք անդամներից մեկը Ագրարային համալսարանի ՏՏ կենտրոնի բաժնի վարիչ Կարեն Մկրտչյանն է: Այս թիմին խորհրդանշական դրամական մրցանակը հանձնեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Traps Analytics-ն առաջարկում է հավելված, որով ջերմատներում կավտոմատացվեն վնասատուների թակարդների մշտադիտարկումն ու վերլուծությունը: Հաղթող թիմերից մյուսը՝ Parsl.AI-ն բարելավում-մաքրում է հողատարածքների՝ ԱԹՍ-ներից ստացվող նկարների որակը: Երրորդ եւ չորրորդ մրցանակը կիսած թիմերն են՝ Green Ground-ը (գյուղնշանակության հողերի ագրոքիմիական բաղադրության չափագրում, անձնագրավորում, տվյալների հավաքում ու վերլուծություն) եւ NU Farm Tech-ը (խելացի ջերմատուն)։
Ժյուրիի անդամները, համագործակցող միջազգային առաքելությունների եւ մասնակից թիմերի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Ուռուտյանին եւ Հովհաննես Երիցյանին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար: Վերցնելով ագրարային նորարարական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի ղեկը՝ Ագրարային համալսարանը հետեւողականորեն եւ հմտորեն այն տանում է դեպի ագրատեխոնոլոգիական ապագա էկոհամակարգի ձեւավորման ցանկալի հանգրվան: