Ագրոնոմիականի ուսանողներն ու դասախոսները Վանանդ Ագրոյում ներկա են եղել նուշի առաջին մեքենայական բերքահավաքին

Ագրոնոմիայի ֆակուլտետի դասախոսներից եւ ուսանողներից բաղկացած պատկառելի պատվիրակությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզում գործող Վանանդ Ագրո ընկերության նշենու այգիներ։ Այցելության նպատակը ընկերության գործունեությանը, ունեցած գյուղատնտեսական տեխնիկային ծանոթանալը եւ նշենու այգիներում մեքենայական առաջին բերքահավաքին ականատես լինելն էր։

Վանանդ Ագրոն Հայաստանում մասնավոր ագրոբիզնեսի լավագույն օրինակներից է, որը նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի եւ արդիական մեքենասարքավորումների կիրառումից բացի կարեւոր տեղ է հատկացնում ոլորտի կրթության զարգացմանը նպաստելուն։ Այս առումով գործընկերային հուսալի հարաբերություններ են հաստատվել ընկերության եւ ՀԱԱՀ-ի միջեւ։

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գյուղտեխնիկա եւ գործիքներ արտադրող իսպանական եւ համաշխարհային ընկերությունների, գյուղոլորտի զարգացմանն աջակցող միջազգային եւ տեղական կառույցների ներկայացուցիչներ, ֆերմերներ։

Նուշի հավաքման՝ Սոլանո ընկերության արտադրած մեքենայի ցուցադրումից հետո բուն բերքահավաքը՝ թափահարման մեթոդով, տպավորիչ էր․ մի քանի վայրկյանի ընթացքում մեքենան թափ է տալիս ծառի ամբողջ բերքը, որից հետո անջատում կեղեւից եւ լցնում մեքենայի պահեստային մաս։ Մեկ րոպեում նուշահավաք մեքենան հավաքում է երկու ծառի բերք։

ՀԱԱՀ ագրոնոմները՝ դասախոս թե ուսանող, տպավորված էին ոչ միայն բերքահավաքից, այլեւ առհասարակ Վանանդ Ագրո ընկերության 360 հեկտար զբաղեցնող նուշի խնամված այգիներից, մասնագիտական մոտեցումներից եւ հեռանկարներից։ Հեռանկարներից մեկն էլ ուսանողների փորձուսուցումներն են այս ընկերությունում։

Վանանդ Ագրոյի երիտասարդ այգիներում այսպես մեկնարկեցին առեւտրային մասշտաբի առաջին բերքահավաքի աշխատանքները։ Ընկերության մասնագետներն ակնկալում են 50 տոննա բերք։