Ագրոնոմիական ֆակուլտետը ողջունում է մագիստրատուրա ընդունված ռեկորդային թվով ուսանողներին

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների հետ, որին ներկա էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։

Ֆակուլտետի մագիստրանտների համակազմն այս տարի համալրվել է տպավորիչ թվով առաջինկուրսեցիներով՝ 53։ Այսպիսի ցուցանիշ, պարոն Տեր-Գրիգորյանի արտահայտությամբ՝ հիմնարար ֆակուլտետի ամբողջ պատմության մեջ գրանցվում է առաջին անգամ։ Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը շարունակվում է, ակնկալիքներն էլ շարունակում են հավակնոտ մնալ։

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը ջերմորեն ողջունեց մագիստրանտներին՝ կրթությունը ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում շարունակելու հաստատակամության եւ ճիշտ որոշման համար։ «Աշխարհն ինչպես էլ փոխվի, Ագրոպարենային ոլորտի մասնագետների կարիքը մշտապես եղել եւ մնում է։ Մենք ձեզ հետ միասին ընտրել ենք ագրոնոմիական մասնագիտություններ սովորելու, այդ կարեւորագույն ոլորտում բարիք ստեղծելու պատվաբեր ուղին։ Մենք եւ դուք միասին ի զորու ենք ցույց տալու, որ Հայաստանն էլ կարող է ունենալ զարգացած ինտենսիվ գյուղատնտեսություն՝ առանց դրսից մասնագետների ներգրավման։ Մեր ցանկությունն է մեկ-մեկուկես տարի հետո ձեզ տեսնել որպես ոտքերի վրա ամուր կանգնած գործընկերների, որոնց հետ միասին պիտի շարունակենք առաջ տանել այս պատվավոր գործը։ Տրամադրվածությունը պետք է լինի այսպիսին՝ դուք այստեղ եք մրցունակ մասնագետ դառնալու համար․ իսկ դրա համար դուք ունեք բոլոր հնարավորությունները»,- մասնավորապես ասաց պարոն Զաքոյանը։

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ողջունեց եւ շնորհավորեց մագիստրանտներին Ագրարայինի մեծ ընտանիքը համալրելու առթիվ։ Հիշեցրեց ագրարային մի շարք մասնագիտություններով բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին 70 հազար դրամ կրթաթոշակ տրամադելու վերաբերյալ կառավարության որոշուման մասին, որը բավարար չափով մասնագետների պատրաստման հնարավորություն ստեղծելուն միտված շատ կարեւոր քայլ է։ Դեկանը բացատրեց, որ առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներով կորոշվի կրթաթոշակի հետագա տրամադրման հարցը՝ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կզրկվեն կրթաթոշակից, իսկ 90-ից բարձր ՄՈԳ ապահովող ուսանողները կստանան 77 հազար դրամ կրթաթոշակ։

«Կառավարությունը եւ բուհը ամեն ինչ անում են եւ անելու են՝ ձեզ սովորելու, մրցունակ մասնագետ դառնալու հնարավորություն ընձեռելու համար։ Սակայն որպես ոչ միայն դեկանի, այլեւ ուսանողի թիվ մեկ բարեկամի՝ իմ հաստատակամ դիրքորոշումն է՝ ոչ բավարար հաճախումներով եւ ցածր առաջադիմությամբ ուսանողը չի դիպլոմավորվելու։ Մենք ունենք երկուստեք իրավունքներ եւ պարտավորվածություններ․ եկեք դրանք կատարենք ամենայն սիրով ու բարեխղճությամբ», – ասաց պարոն Տեր-Գրիգորյանը։

Ագրոնոմիականի դեկանն այնուհետեւ ներկայացրեց դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանին եւ ամբիոնների վարիչներին, որոնք իրենց հերթին ողջունեցին ուսանողներին եւ հակիրճ ներկայացրեցին կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր, պատասխանեցին մագիստրանտների հարցերին։