Հայկական գինին՝ Հայաստանի այցեքարտ

Ագրարային համալսարանի փոքր դահլիճում դեկտեմբերի 4-ին հավաքվել էին համալսարանի գինեսեր ու գինու պատմությամբ հետաքրքրված աշխատակիցներն ու ուսանողները՝ ունկնդրելու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի «Հայկական գինին՝ Հայաստանի այցեքարտ» շնորհանդեսը: Տիկին Մուրադյանը նախ լսարանին ներկայացրեց իր մասնագիտական ուղին՝ Ագրարային համալսարանի ուսանողից մինչև դասախոս, Երևանի գինու ակադեմիայի տնօրեն, ապա և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն:
Շնորհանդեսը մեկնարկեց հայկական գինու պատմությամբ: Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության՝ խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Այն, որ գինեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 6200 տարի առաջ, փաստում է 2011 թվականին հայ և իռլանդացի հնագետների կողմից Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում հայտնաբերված աշխարհի ամենահին քարանձավային գինեգործարանը, որի ծագումը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա 4100 թվականով: Գինեգործական լավագույն ավանդույթներ ունեցող Հայաստանում խորհդային տարիներին զարկ տրվեց կոնյակագործությանը, և գինեգործությունն ասես երկրորդ պլան մղվեց:
Ներկայումս Հայաստանում գինեգործությունը ճանաչվել է որպես տնտեսության գերակա ճյուղ, և հնագույն ժամանակներից Հայաստանում արմատավորված գինեգործությունը, մոռացության ու լռության փուլից հետո, ակտիվ վերածննդի շրջանում է: Ոլորտի արդյունավետ և համակարգված զարգացումն ապահովելու նպատակով 2016թ.-ին ստեղծվեց Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որն իր կարաճատև գործունեության ընթացքում հասցրել է կյանքի կոչել Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր, ներկայացնել հայկական գինին ու նրա պատմությունը միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են DECANTER ամսագիրը, Mundus Vini, Muscats du Monde, Le Mondial du Rose, Concours Mondial de Bruxelles և այլ ցուցահանդես-մրցույթներ՝ հայկական մի շարք գինիներ արժանացնելով միջազգային մրցանակների: 2017թ. «Համաշխարհային միտումները և լավագույն գործելակերպերը գինու աշխարհում. հետևություններ և առաջարկություններ Հայաստանի համար» վերտառությամբ գինու առաջին միջազգային գիտաժողովը առաջին անգամ Հայաստան բերեց Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) ղեկավարին, գինեգործական կրթություն տվող՝ աշխարհի առաջատար համալսարանների ղեկավարներին, գինու միջազգային լրագրողների, ոլորտի այլ պատասխանատուների՝ մոտ 20 երկրներից: Գիտաժողովը շրջադարձային նշանակություն ունեցող այն իրադարձություններից մեկն էր, որը նպաստեց հայկական գինին միջազգային շուկա հանելու առումով հետագա դրական զարգացումներին:
Տիկին Մուրադյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից կատարվող աշխատանքները ոլորտում առկա հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավելելով, որ բացի պետական ճիշտ քաղաքականությունից, պատմական սովորույթներից, այսօր Հայաստանում գինու վերածննդին նպաստում է հայերի փոփոխվող մտածելակերպը. հայերը, վերադառնալով արմատներին, օղու փոխարեն սկսել են նորից գինի խմել: Հատկապես երիտասարդների շրջանում առկա այս միտումը կարծես թե թափ է հավաքում և մեծապես նպաստում Հայաստանում գինու մշակույթի զարգացմանը: Սա իր հերթին խթանում է գինու տուրիզմը, և հայկական գինին աստիճանաբար դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը:
Հաճելի իրողություն է, որ ՀԱԱՀ-ը նույնպես լուրջ դերակատարություն է ստանձնում գինեգործության ոլորտի զարգացման գործում, մասնավորապես՝ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի միջոցով, որի բացումը տեղի կունենա մոտ օրերս: