ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասախոսները «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող եռօրյա ամառային ագրոճամբարների ընթացքում վարում են «Ինտենսիվ այգեգործություն», «Մեղվաբուծություն», «Խելացի անասնաշենք» թեմաներով դասընթացներ։ Սիսիան եւ Գորիս համայնքների ավագ դպրոցներից 135 երեխա ճամբարից օգտվելու հնարավորություն ունի․ յուրաքանչյուր փուլում Սիսիանի «Բասեն» հյուրանոցային համալիրում ակտիվ հանգիստ է ունենում 45-ը։
Ճամբարականները ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել են մասնաճյուղի նոր ստեղծվող Խելացի գյուղատնտեսության կենտրոն, հետաքրքրությամբ ծանոթացել կոնտրոնի նորարարական ստորաբաժանումներին, որոնց լիարժեք գործարկմամբ ագրարային մասնագիտություններն ավելի գրավիչ կդառնան մարզի երիտասարդների համար։
«Հորիզոններ» ծրագրի շրջանակում նշված համայնքների բարձր դասարաններում աշակերտները սեպտեմբերից կուսումնասիրեն «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը։ Գործնական դասերը կանցկացվեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսումնափորձնական տնտեսությունում, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպություններում, ինտենսիվ այգիներում։
Ագրոնոմիական ուղղվածություն ունեցող ճամբարի շահառուների համար կազմակերպվում են նաեւ արշավներ, ինտելեկտուալ եւ ժամանցային խաղեր, ազգային պարերի ուսուցում։