Տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալվրիատի հեռակա ուսուցման «Ագրոէկոնոմիկա եւ սննդաարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ուսանողները բազմակողմանի քննության էին ենթարկել հայկական սննդաարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերությունների գործունեությունը՝ վերհանել կարեւոր, արդիական խնդիրներ, հանդես եկել ընկերություններին ուղղված արժեքավոր առաջարկություններով՝ սկսած արտադրական ռեսուրսների օգտագործման բարելավման հնարավորություններից մինչեւ ռազմավարական պլանավորման կատարելագործում եւ կառավարման արդյունավետության բարձրացում:
Հատկանշական է, որ բուհն ավարտող ուսանողների զգալի մասը մինչ այս փորձուսուցում էին անցել հիմնականում հենց այն ընկերություններում, որոնց վերաբերում էին ավարտաճառերը (նրանց մի մասը նաեւ արդեն այդ ընկերությունների աշխատակից է), ուստի առաջարկությունների մեծ մասը փաստահեն էին՝ հիմնված տվյալ ընկերության արտադրության տնտեսա-վիճակագրական վերլուծությունների, արտադրական գործունեության քաջատեղյակության, արտադրանքի որակի, արտաքին տեսքի, փաթեթավորման և այլ հատկանիշների մանրամասն ուսումնասիրությունների վրա: Հետաքրքրական էին նաեւ այն ուսանողների աշխատանքները, որոնք անդրադարձել էին սեփական ձեռնարկությունների տնտեսական գործունեությանը, խնդիրներին ու սեփական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ արած կարեւոր եզրահանգումներին:
Տարբեր ընկերությունների՝ շուկայավարական գործունեությանը, որակի կառավարմանն ու արտադրանքի փաթեթավորման կատարելագործմանը, ռեսուրսախնայողությանն ուղղված առաջարկություններից շատերը ուսանողները կարող են առեւտրայնացնել ու որպես մրցունակ գաղափարներ վաճառել տվյալ ընկերություններին: Կարելի է ասել, որ ավարտաճառերի համար սահմանված չափորոշիչների կիրառման առումով սա այն արդյունքն է, որին վերջին մի քանի տարիներին ձգտել է հասնել համալսարանի ղեկավարությունը. ավարտաճառերը չպետք է լինեն հնացած, կրկնվող թեմաների արտատպումներ, պետք է բխեն տնտեսությունից, վերհանեն արդիական խնդիրներ՝ առաջարկելով նորարար, կիրառելի լուծումներ, մրցունակ գաղափարներ:
Այդպիսի առաջարկ-գաղափարները քիչ չէին «Ագրոէկոնոմիկա եւ սննդաարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի 14 ուսանողների ավարտական աշխատանքներում: Ավելին՝ ուսանողուհիներից մեկը, որի ավարտաճառի թեման էր «Փաթեթավորման դերը ․․․ կազմակերպության մրցունակության բարձրացման գործում», աշխատելով դիզայներների հետ, իրականություն էր դարձրել իր գաղափարը. նախագծել և պատրաստել արտադրանքի համար փաթեթավորման նոր, հետաքրքիր և ակնհաճո ձևանմուշներ, որոնք արժանացան հանձնաժողովի անդամների հիացմունքին: Կարծում ենք, առաջիկայում նաև տվյալ ընկերության հավանությանն արժանանալով, շուկայում կհայտնվի այդ ընկերության արտադրանքը՝ մեր ուսանողուհու հետաքրքիր գաղափարով «փաթեթավորված»:
Ամփոփելով ավարտաճառերի պաշտպանությունը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ավագ դասախոս, տնտ.գ.թ. Տաթեւիկ Ուլիխանյանը նշեց. «Տպավորիչ արդյունք է, հատկապես հեռակա համակագրում սովորողների համար»: Իսկ մենք տպավորված ենք նաեւ երիտասարդների՝ ներկայացման հմտություններով եւ գրագետ բանավոր խոսքով: Գրեթե բոլորն իրենց աշխատանքները ներկայացրեցին անկաշկանդ, սահուն, հայեցի, եւ որ կարեւոր է՝ հրապարակային խոսքի ոլորտում այսօր չարիք դարձած «ա»-ի փոխարեն «է» օժանդակ բայի կիրառությամբ: