Բուհերի ուսանողների համար հնգօրյա երկու ամառային դպրոցներ հյուրընկալելուց հետո ՀԱԱՀ Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարը դարձավ Ամառային երիտասարդական ճամբարի անցկացման վայր, այս անգամ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում՝ Ագրարային համալսարանի եւ գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար։
Ճամբարի հիմնական նպատակը երիտասարդների շրջանում այգեպտղաբուծության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր եւ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստելը։
Գեղատեսիլ բնության եւ աշխատանքի ու հանգստի՝ Ագրոճամբարում առկա լավագույն պայմաններում, ամառային ճամբարի հագեցած ծրագրի շրջանակում երիտասարդները փորձագետներից տեղեկացան սննդի կայուն արտադրությանը, շրջանաձև բիզնես մոդելի կիրառությանը այգեպտղաբուծության մեջ, գյուղատնտեսության մեջ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի դերին, պտղաբուծության եւ ինտենսիվ այգիների առանձնահատկություններին։
ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի ղեկավարներից Սարգիս Մկրտչյանը մասնակիցներին ծանոթացրեց նախագծի առաքելությանը եւ իրականացրած աշխատանքներին, ինչպես նաև ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա անելիքներին։ Նախագծի փորձագետ Դավիթ Մարկոսյանը խոսեց գյուղատնտեսության՝ ապագայում կանխատեսվող դերի եւ ազդեցության մասին, ներկայացրեց հետաքրքիր վիճակագրական փաստեր ոլորտի վերաբերյալ։ Փորձագետ Ստեփան Խաչատրյանի օգնությամբ ճամբարականներն ուսումնասիրեցին աշխարհագրական տեղեկատվական համակարգերի դերը գյուղատնտեսության մեջ։ Ռոզա Գրիգորյանը ոչ ֆորմալ կրթական գործիքների օգնությամբ եւ ինտերակտիվ մեթոդներով ներկայացրեց «Գյուղատնտեսության խնդիրների վերհանումը եւ լուծումը»։ Իսկ ավանդական խարույկի շուրջ գյուղատնտեսության ոլորտում լայն գործունեություն ծավալող Աբրահամ Աբրահամյանը մասնակիցներին հաճույքով հաղորդակից դարձրեց իր փորձին ու գիտելիքներին։
Վերջին օրը ճամբարականները պատեհ առիթ ունեցան ունկնդրելու փորձագետ Արմեն Զաքարյանին, որը խոսեց ինենսիվ այգիների կառավարման մասին։ Որպես տեսական գիտելիքների գործնական ամրապնդում, պարոն Զաքարյանը մասնակիցներին ուղեկցեց Գրինկո ընկերություն։
Ճամբարի երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին նաեւ երիտասարդների դերը տեղական համայնքներում, սննդի կայուն արտադրությունը եւ շրջանաձև բիզնես մոդելի կիրառությունը այգեպտղաբուծության մեջ եւ այլն։
«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ (ՖՐՈՒՏԵՆԻԱ) Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ իրականացնում է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։