Հունվարի 12-25 ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցավ Ուրախների և հնարամիտների ակումբների 31-րդ ամենամյա «КиВиН» միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ ՀԱԱՀ-ի «Սոսեդնեյե սելո» թիմը: Փառատոնը անցկացվել է Սոչիի հայտնի «Ժեմչուժինա» հյուրանոցում: Մասնակցել է ավելի քան 500 թիմ: Մեր ԲՈՒՀ-ը ներկայացնող թիմը շատ լավ է հանդես եկել Սոչիում:
Թիմում հինգն են՝ Հայկը, Արմանը, Վաչեն (թիմի հիմնադիրները), Նարեկը և Մանեն: Թեպետ տարբեր ֆակուլտետներից են, նրանց համատեղել է մի բան՝ մարդկանց ծիծաղ պարգևելու սերը, ցանկությունը: Բեմում չորսն են, իսկ Նարեկը ապահովում է ելույթի ձայնային հատվածը: Թիմի հիմնադիր 3 ընկերները նախկինում մի քանի տարի միասին ՈՒՀԱ դպրոցական լիգայի են մասնակցել: Մանեն ու Նարեկը փոքր-ինչ ուշ են միացել թիմին: Ունենալով բավականաչափ փորձ, որոշեցին մասնակցել փառատոնին և դա նրանց հաջողվեց:
Թեև սա մեր թիմի առաջին բեմելն էր Հայաստանից դուրս, այնուամենայնիվ դահլիճը մեծ ոգևորությամբ քաջալերեց և ծափահարեց մեր երիտասարդներին: Ելույթից հետո հրավեր ստացան ՈՒՀԱ Կովկասյան լիգայից, որին մեծ սիրով համաձայնեցին և մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել Ստավրոպոլ:
Փառատոնին գտնվելու ընթացքում ձեռք բերեցին նոր ընկներներ աշխարհի տարբեր անկյուններից, որոնց մեջ, իհարկե, հայեր ևս կային:
Փառատոնին մասնակցելով՝ թիմը ձեռք բերեց մեծ փորձ, մասնագիտական հմտություններ, նոր ընկերներ, և ոգեւորությամբ է պատրաստվում հետագա ելույթներին: Ապագայում պլանավորում են ՀԱԱՀ-ում և նաև այլ համալսարաններում զարգացնել ՈՒՀԱ մշակույթը՝ աջակցելով նորաթուխ թիմերին և հաղորդակից դարձնելով իրենց փորձին: