Ագրարայինի ճարտարագետները ծանոթանում են «ԲԱՐՎԱ» կենտրոնի աշխատանքներին

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, ամբիոնի դասախոսներ Արթուր Ալթունյանն ու Վոլոդյա Ասատրյանը օրերս հյուրընկալվեցին Արագոծոտնի մարզի Թալին քաղաքի «ԲԱՐՎԱ» ինովացիոն կենտրոնում։ Կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Արամ Վարդանյանը եւ աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին կենտրոնի գիտական մշակումները, ցուցադրեցին իրենց արտադրած բարձրտեխնոլոգիական սարքավորումները։

Ագրարայինի պատվիրակությունը մասնավորապես հետաքրքրությամբ ծանոթացավ հակակարկտային համակարգին, անձրեւների խթանման կոմբինացված համակարգին, որը նախատեսված է մթնոլորտում ջրային մանրակաթիլների կոնդենսացման համար, AntiFrost համակարգին՝ նախատեսված մրգատու եւ խաղողի այգիները վաղ գարնանային ցրտահարությունից պաշտպանելու եւ ծաղկած ծառերի փոշոտման արդյունավետությունը բարձրացնելու համար։ «ԲԱՐՎԱ» ընկերությունն արտադրում է նաեւ PYROGEN ջեռուցման կաթսաներ, որոնք աշխատում են չոր կենսազանգվածով (փայտ և գյուղատնտեսական թափոններ), ինչպես նաեւ ECOGAZ համակարգեր, որոնք կենսազանգվածի թափոններից եւ կենցաղային աղբից ստանում են սինթեզ գազ։

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին գործակցության հնարավոր ուղիները, այդ թվում՝ նաեւ համատեղ արտադրանքի արտադրության կազմակերպման հեռանկարները։

Պարոն Ուռուտյանը եւ պարոն Վարդանյանը պայմանավորվեցին, որ առաջիկայում համալսարանից համապատասխան բնագավառի մասնագետներ կգործուղվեն ԲԱՐՎԱ ընկերություն՝ նշված աշխատանքներին ավելի մանրամասնորեն ծանոթանալու եւ հնարավոր համատեղ գործունեության քայլերը նախանշելու նպատակով։