Ագրարային համալսարանը մեր ոլորտի դրոշակակիրն է. Արա Աղայան

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյան

Մարտի 23-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրեց համագործակցության հերթական հուշագիրը, այս անգամ՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանի հետ: Հուշագրով նախատեսվող գործակցությունն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ, ներառյալ ՀԱԱՀ-ում ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստումը, համատեղ տարաբնույթ ուսումնագիտական ծրագրերի իրականացումը, ՀԱԱՀ-ի ուսանողների փորձուսուցումների կազմակերպումը:

Ողջունելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատվիրակությանը, պարոն Ուռուտյանը նշեց, որ եկել է ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի եւ ՀՈԱԿ-ի միջեւ արդեն սկսված գործընկերային հարաբերություններն ու համախոհությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու ժամանակը: Շնորհակալություն հայտնելով ՀՈԱԿ-ի թիմին՝ Ագրարային համալսարանի հետ գործակցային հարաբերությունները խորացնելու ցանկության եւ նախաձեռնողականության համար, ռեկտոր Ուռուտյանն ասաց. «Համալսարանը բաց է եւ պատրաստ իր մասնագիտական եւ ուսանողական ներուժը ծառայեցնել մեր ընդհանուր նպատակներին»:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ին՝ օգտակար համատեղ նախաձեռնության համար: «Մենք Ագրարային համալսարանը դիտարկում ենք որպես մեր ոլորտի դրոշակակիր՝ իր կրթական եւ գիտական ներուժով: Մեր բազմաթիվ հետազոտական նախագծերի իրականացման գործում ձեր մասնագետների ներգրավման կարիքն ունենք: Մյուս կողմից մենք սիրով կընդունենք Ագրարային համալսարանի ուսանողներին որպես փորձնակներ եւ գործնական մասնագիտական հմտություններ կսովորեցնենք», – ասաց պարոն Աղայանը:

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խորշուդյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ Արմինե Մանվելյանը, ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Քրիստինե Վարդանյանը եւ գլխավոր դենդրոլոգ, ՀԱԱՀ դոցենտ Արծվի Գրիգորյանը խոսեցին գործակցային կապերը խորացնելու, մագիստրատուրայում նոր ուսումնական պլաններով սովորող ապագա մասնագետների ընդգրկման, մայրաքաղաքում բույսերի պաշտպանության բնագավառում կուտակված խնդիրների լուծման գործում համատեղ ներգրավման եւ հարակից այլ հարցերի մասին:

Հուշագրի ստորագրումից հետո ռեկտոր Ուռուտյանը, արդեն ձեւավորված նորօրյա ավանդույթի համաձայն, Արա Աղայանին նվիրեց ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինին եւ «Ֆերմեր» գիրքը:

Համատեղ աշխատանքի ասպարեզների ու պլանների մասին խոսակցությունը շարունակելուն զուգընթաց, ՀՈԱԿ-ի մեր գործընկերները Արմենակ Տեր-Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին նաեւ Ագրարային համալսարանի պատմության թանգարան, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր եւ Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիա: Նրանք տպավորված են կարճ ժամանակաշրջանում Ագրարային համալսարանում իրականացված մեծ ծավալի բարեփոխումներով: