Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դիմավորեց իր ուսանողներին։ Նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Չյու Դոնյույի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հյուրերը նախ շրջայց կատարեցին ՀԱԱՀ-ի նորարարական մի քանի կենտրոններում, որից հետո, լավագույն տպավորություններով մասնակցեցին արարողությանը։
Ուսանողներին, ծնողներին եւ հյուրերին ջերմորեն ողջունեց ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը՝ բարի գալուստ մաղթելով եւ շնորավորելով հատկապես առաջինկուրսեցիներին։
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի եւ դպրության տոնի առթիվ։ «Դարեր շարունակ ունեցել ենք վայրիվերումներ, կորուստներ եւ նվաճումներ, բայց մեր երթն անսասան է եղել մեր դպրության, մեր ստեղծած մտավոր, հոգեւոր կարողությունների շնորհիվ, որոնք, արդեն 21-րդ դարում, թույլ են տվել ունենալ անկախ պետականություն»։ Պարոն Զաքոյանը, խոսքը հասցեագրելով հատկապես առաջինկուրսեցիներին, հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանի արժեհամակարգը։ Սա այն տեղն է, որտեղ ուսանողը պետք է պատրաստ լինի դառնալ մասնագետ եւ անմիջական օգուտ բերել իր համայնքին, իր երկրի տնտեսության հզորացմանը։ «Ագրարային համալսարանում խրախուսվում են այնպիսի մարդկային որակներ, ինչպիսիք են ազնվությունը, կարգապահությունը, փոխօգնության պատրաստակամությունը, փոխադարձ հարգանքը կուրսընկերների եւ դասախոսների նկատմամբ։ Մեր համալսարանում խրախուսվում են մեծ հարգանքը ուսանողների հանդեպ, նրանց ցանկությունների ու կարիքների հետ համակողմանիորեն հաշվի նստելը, այն ամենը, ինչ օգնում է երիտասարդներին դառնալ մրցունակ մասնագետ», – ասաց պարոն Զաքոյանը՝ կրկին ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով ուսանողներին, ծնողներին եւ հյուրերին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը ողջույնի իր խոսքը սկսեց՝ ներկաներին շնորհավորելով Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։ Դիմելով ուսանողներին, պարոն Խոջոյանն ասաց․ «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտանալու ձեր որոշումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ձեր կյանքում, այլեւ կարեւոր նախապայման հասարակության բարեկեցության բարելավման տեսանկյունից։ Ագրարային համալսարանում ձեր ստանալիք գիտելիքները ծառայելու են երկրում եւ աշխարհում առկա մարտահրավերների հաղթահարմանը՝ սովից մինչեւ պարենային անվտանգություն։ Կրթությունը նորարարությունների բանալին է, այն խթանելու է առաջընթացը, բարելավելու է կյանքը եւ պաշտպանելու է շրջակա միջավայրը»։ Արման Խոջոյանը երիտասարդներին կոչ արեց այս հնարավորությունից օգտվել մեծ խանդավառությամբ, շահադրդվածությամբ եւ պատասխանատվությամբ։ Նշեց, որ առաջին կուրս ընդունված ուսանողների մուտքը գյուղատնտեսության ոլորտ հիշարժան կդառնա նաեւ՝ շնորհիվ արարողությանը ՄԱԿ-ի ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի եւ իր թիմի մասնակցության, կազմակերպություն, որ համադրում է ոլորտի զարգացումը 194 երկրներում։ «Մի սահմանափակեք ձեր միտքն ու գաղափարները եւ թույլ տվեք, որ դրանք դառնան իրականություն»,- իր խոսքն ավարտեց պարոն Խոջոյանը։
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դունյույը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ջերմորեն ողջունեց եւ շնորհավորեց ուսանողներին, ծնողներին եւ դասախոսներին՝ նաեւ ՊԳԿ-ի եւ ՄԱԿ-ի անունից։ «Դուք այսօր Ագրարային համալսարանում ձեր ուսումնառության առաջին քայլն եք անում։ Քառասունհինգ տարի առաջ էր, երբ ես՝ Հունան նահանգի գյուղերից մեկից եկած 15 տարեկան միայնակ պատանիս, ընդունվեցի համալսարան։ Մասնագիտության ընտրության հարցում ինձ ոգեշնչել է չինացի գիտնականի՝ աշխարհում առաջին հիբրիդային տեսակի բրնձի ստեղծումը․ դեռ այն ժամանակ ես գիտակցեցի, որ գիտությունն ու նորարարությունն օգնում են մեզ ավելի շատ սննդամթերք արտադրել։ Ագրարային համալսարանում ուսանելով՝ դուք կարող եք լավ մասնագիտական կարիերա սկսել, ձեր գիտելիքները ծառայեցնել բնակչության բարեկեցությանը եւ շրջակա միջավայրի բարելավմանը։ Սկսվում է ձեր ինքնուրույն ուսանողական կյանքը։ Բարեբախտաբար դուք Ագրարային համալսարանում ունեք բոլոր ժամանակակից հարմարությունները եւ տեխնոլոգիաները՝ լավ մասնագետ դառնալու համար։ Սակայն շատ կարեւոր է, որ դուք այստեղ ընկերանաք ձեր դասընկերների եւ դասախոսների հետ։ Դառնալով Ագրարայինի ուսանող, դուք հնարավորություն կունենաք ձեր խոսքն ասելու առողջ ու անվտանգ սննդամթերքի արտադրության այնքան կարեւոր ոլորտում, դրանով իսկ ապահովելով ձեր, ձեր ընտանիքների եւ հասարակության առողջ սնունդն ու պարենային անվտանգությունը։ Ուսումը միայն դասագործընթաց չէ, դուք պետք է գործնական պատրաստվածություն ձեռք բերեք փորձուսուցումների եւ հետազոտական նախագծերում մասնակցության միջոցով․ սովորեք ոչ միայն լսարանում, այլեւ՝ ֆերմերներից, գործարարներից, քաղաքական գործիչներից։ Եվ վերջին ուղերձս՝ սովորեք լեզուներ, մասնավորապես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները։ Լեզուները կօգնեն ձեզ մասնագիտական կարիերայում։ Առողջություն եւ հաջողություններ եմ մաղթում», – ասաց պարոն Դոնյույը։
Ագրարային համալսարանն այս ուսումնական տարում էականորեն ավելի մեծ համալրում է ունեցել՝ համեմատած անցյալ տարվա հետ․ բոլոր կրթական ծրագրերով առաջին կուրսի ուսանողների թիվը միջինը 25 տոկոսով ավելացել է։