Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Ռաֆայել Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտական գործունեություն ծավալող ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, Հայաստանում գիտությանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու տեղացի ու միջազգային հետազոտողներ։
«Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները եւ զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։ Իր ձեւաչափով եզակի լաբորատորիան առաջարկում է համատեղ աշխատանքի լաբորատոր տարածքներ կենսատեխնոլոգիական ոլորտի գիտնականների, գիտահետազոտական խմբերի եւ ստարտափների, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունեցող ասպիրանտների եւ երիտասարդ հետազոտողների համար, որոնք ցանկանում են առեւտրայնացնել իրենց ստեղծած գիտական արդյունքները։
Բացման եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկան FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ լաբորատորիայի աննախադեպ հնարավորությունները կարեւոր համարելով ոչ միայն համալսարանի, այլեւ կենսատեխնոլոգիական գիտական ամբողջ հանրության համար։ Պարոն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ ներդրած ջանքերի եւ հուսալի ու պրոֆեսիոնալ գործընկեր լինելու համար, ինչպես նաեւ Արայիկ Հարությունյանին, որը դեռ տարիներ առաջ, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում եղած ժամանակ հավանություն է տվել հետաքրքիր, կարեւոր ու հեռանկարային այս նախագծին։
«Բի-Օն»-ի լաբորատոր տարածքներում շրջայցի ընթացքում FAST հիմնադրամի պատասխանատուները հյուրերին ու ագրարայինցիներին ներկայացրեցին դրանց եզակի հնարավորությունները։
Ագրարային համալսարանի՝ վերջին հինգ տարիների ընթացքում բացված արդեն 55-րդ նորարարական ենթակառույցի բացման արարողությունն ավարտվեց հաճելի շփումներով՝ ՀԱԱՀ արտադրության գինու, գարեջրի, հրուշակեղենի ուղեկցությամբ։
Մեր գործընկեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թ․՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այն իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են կրթության, գիտության եւ գիտական արդյունքի առեւտրայնացման ոլորտներում խորքային փոփոխություններ բերելուն: