AFISHE Էրազմուս+ նախագծի վերապատրաստումները սկսվել են

Անցյալ շաբաթ սկսվել է «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագծով նախանշված գործողությունների հերթական փուլը, այն է՝ նոր կամ վերափոխվող մոդուլներ կազմողների երկշաբաթյա վերապատրաստումը։ Դրա մեկնարկը տրվեց Պորտոյի համալսարանում, որի պրոֆեսորները փետրվարի 19-ից հյուրընկալել են հայաստանյան եւ ուկրաինական բուհերի 16 դասախոսների եւ հետազոտողների։ Այս շաբաթ իրենց վերապատրաստումների շարքը սկսեցին նախագծի մյուս երկու համալսարանները՝ Դուբրովնիկի համալսարանը եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում։ Վերոնշյալ եվրոպական գործընկեր համալսարաններում կվերապատրաստվեն 44 աշխատակիցներ, որոնցից 9-ը՝ ՀԱԱՀ-ից։

Վերապատրաստման նպատակն է օժանդակել դասախոսներին մոդուլների մշակման եւ հետագայում դրանց դասավանդման գործում։ Այն շատ կարեւոր գործողություն է, քանի որ մշակվող մոդուլների մեծ մասը նորություն է։

Հյուրընկալող եվրոպական համալսարանները մշակել են երկշաբաթյա պլան-ժամանակացույց, որն ընդգրկում է ինչպես ընդհանուր՝ բոլոր մասնակիցների համար նախատեսված գործողություններ, այնպես էլ անհատական հանդիպումներ եւ քննարկումներ։ Երկրորդ իրականացնելու է այն պրոֆեսորը կամ հետազոտողը, որը մասնագիտացած է տվյալ ոլորտում եւ կարող է օժանդակել հայ եւ ուկրաինիացի գործընկերոջը՝ ինչպես մոդուլը կազմելու, այնպես էլ դրա դասավանդման տեսանկյունից։

Ակվակուլտուրայի ճարտարագիտություն, ծովային ծագման մթերքների անվտանգություն, ձկների եւ ջրային այլ կենդանիների կերակրում, ակվակուլտուրայի կառավարում, ջրային կենդանիների կենսաքիմիա, գենետիկա եւ ֆիզիոլոգիա, ձկնախտաբանություն (իխթիոպաթոլոգիա), ձկների հիվանդություններ, էկոլոգիա, կենսաբազմազանության պահպանում, ջրի որակի ստուգում եւ հսկում, ակվակուլտուրայի տեխնոլոգիա․ սա այն թեմաների ու մոդուլների ոչ ամբողջական ցանկն է, որոնց շրջանակում իրականացվելու են վերապատրաստումները։ Ընդ որում, դրանք ընգրկում են ոչ միայն տեսական, այլեւ գործնական աշխատանքներ, այցեր ձկնային կամ համանման այլ տնտեսություններ, տարատեսակ հետազոտական աշխատանքների ներկայացում եւ այլն։ Օրինակ, Պորտոյի համալսարանն իրականացրեց այց այնպիսի տնտեսություններ եւ կենտրոններ, որոնց դիտարկման միջոցով հնարավոր եղավ պատկերացնել ջրային կենդանիների օգտագործման ողջ շղթան՝ սկսած ձկան որսից եւ ավարտած դրա մշակման տեխնոլոգիական արդյունքով՝ պահածոյով։

AFISHE նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ եւ զարգացմամբ Հայաստանում եւ Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական համանման առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային եւ տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչեւ էկոլոգիա» հայեցակարգ):

AFISHE նախագծի շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների միջեւ։ Այն կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական եւ հետազոտական գործունեություն իրականացնելու համար, որը կզարգացնի  էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն եւ գործունեությունը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին եւ ԵՄ Կանաչ գործարքին համապատասխան։

Նախագիծը համակարգում է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը։ Այն կավարտվի 2025 թվականին։ Մինչ այդ ակնկալվում է, որ այս տարի կունենանք առաջին մագիստրանտներին, որոնք կսովորեն հատկապես Հայաստանի համար անհրաժեշտ այս մասնագիտությամբ։