Չորս տարի առաջ մեկնարկած ABioNet ծրագրի բոլոր փուլերը, կարեւոր, նշանակալի ձեռքբերումները միշտ հանգամանորեն լուսաբանվել են ՀԱԱՀ կայքում: Երեկ՝ փետրվարի 18-ին, հանդիսավորությամբ ավարտվեց ծրագրի եւս մեկ բղադրիչ: Հայտնի է, որ ABIoNet-ի շնորհիվ համալսարանը զինվել է նորագույն սարքավորումներով, որոնցից օգտվելու հմտություններն ու կարողությունները ZOOM հարթակում իրականացված դասընթացների շնորհիվ արտասահմանցի մեր գործընկերները ուսուցանել են շահառու ամբիոնների աշխատակիցներին եւ մագիստանտներին: Բացի այդ, ՍԱՏՄ-ի մեր գործընկերներն էլ անցկացրել են սննդամթերքի անվտանգության և փորձաքննության թեմաներով վերապատրաստում: Այսօր արդեն վերապատրաստված աշխատակիցները կարող են իրենց գիտելիքները փոխանցել մյուսներին:
ՀԱԱՀ-ից ծրագրի համակարգող Գայանե Մարմարյանը դասընթացն ավարտածներին հավաստագրերը շնորհելիս բարձր գնահատեց եւ՛ ծրագրի դերը, եւ՛ մեր աշխատակիցների թիմային պատվախնդիր մասնակցությունը, նորը, ժամանակակիցը սովորել-յուրացնելու կամքը: Այս գերազանց, ակնհայտորեն արդյունավետ համագործակցության շնորհիվ է, որ հոկտեմբերին ավարտվող ծրագիրը միտում ունի շարունակվելու:
Ծրագիրն ու համատեղ աշխատանքը բարձր գնահատեցին դեկաններ Արմենակ Տեր-Գրիգորյանը, Սմբատ Դավեյանը, ամբիոնի վարիչ, տիկին Մարմարյանի «մարտական ընկեր» Մանվել Բադալյանը:
Պրոֆեսոր Տաիրա Պապոյանը գոհունակություն հայտնեց, որ դովլաթյանական փայլուն ավանդույթներով հարուստ քիմիայի ամբիոնը ժամանակին համընթաց է քայլում եւ մասնակից է այս կարեւոր նախաձեռնության: Ի վերջո, հայտնի հանգամանք է՝ տեսական կուռ գիտելիքները պետք է համատեղվեն-ամրակայվեն գործնական հմտություններով: