ABioNet Էրազմուս+ ծրագիրը շարունակում է հերթական վերապատրաստում-սեմինարների շարքը, այս անգամ` «Անվտանգ սննդամթերքի ապահովումը սննդային շղթայում» խորագրով, որը կայացավ մարտի 26-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Կազմակերպիչը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էր, վերապատրաստվողները՝ ՀԱԱՀ-ի «Սնննդամթերքի անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրով ուսումնառող մագիստրոսները, ասպիրանտները։ ՀԱԱՀ-ի շահակիցներից զատ սեմինարի առցանց մասնակիցներն էին ABioNet-ի հայաստանյան գործընկեր համալսարանների՝ Երևանի պետական, Շիրակի պետական և Գավառի պետական համալսարանների դասախոսներն ու մագիստրոսները։
Սեմինարի բանախոսներն էին ՀԱԱՀ-ից ABioNet թիմի անդամ, Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը և ծրագրի համագործակցող կենտրոնների, արտադրության ներկայացուցիչները (Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն, Արաքս թռչնաֆաբրիկա, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման-վերլուծական կենտրոն: Սեմինարին քննարկվեցին սննդային շղթայում սննդամթերքի անվտանգությանն առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են` սննդամթերքի քիմիական ռիսկերի գնահատումը, սննդի անվտանգության ուղղությամբ իրականացվող ծրագրերը թռչնաբուծությունում, սանիտարական հսկողությունը և ռիսկերի գնահատումը, մսային լավորակ հումքի ստացումը սպանդանոցներում, մսամթերքի արտադրությունում կիրառվող սննդային հավելումները, մսի և մսամթերքի արատները։
Մասնակիցներին ողջունեց ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող` տ․գ․դ․ Սմբատ Դավեյանը, որն արժևորեց ABioNet-ի դերը թե’ համալսարանների համար՝ նոր մագիստրոսական կրթական ծրագրերի, լաբորատորիաների ստեղծման և թե’ Հայաստանյան և Եվրոպական համալսարանների սերտ համագործակցության տեսանկյունից։
«Հատկանշական է, որ վերպատրաստումը նպաստում է կրթություն-արտադրություն կապի ամրապնդմանը՝ շահակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ աշխատաշուկայում առկա ոլորտային մարտահրավերներին և հանրային առողջությանը սպառնող ռիսկերին։ Դրանից զատ, հանդիպումը նաև ABioNet և MENVIPRO ծրագրերի համագործակցության հարթակ է»,- ասում է ՀԱԱՀ-ում AbioNet-ի համակարգող Գայանե Մարմարյանը։