Սիրելի ուսանողներ եւ երիտասարդ գործընկերներ, այսօր՝ ապրիլի 16-ին, մեր երկրում նշվում է ամենաերիտասարդական տոնը՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը։ Անձամբ ես ոգեւորությամբ եւ գոհունակության զգացումով եմ դիմավորում այս գեղեցիկ տոնը, քանի որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում թե´ ուսանողներից եւ թե´ երիտասարդ աշխատակիցներից շատերը ավագներիս հետ կողք-կողքի ակտիվորեն եւ նվիրվածությամբ են կրում երկրի համար կենսականորեն կարեւոր` ագրոպարենային ոլորտի առաջընթացին նպաստելու պատասխանատվությունը։
Այսօր պատեհ առիթ է, որ բարձրաձայնենք մեր երիտասարդների ակնառու ձեռքբերումների մասին ոչ միայն կրթության, այլեւ գիտելիքահեն նորարարությունների բնագավառներում։
Ամենաթարմ օրինակներից են հայ-ֆրանսիական համագործակցության նախագծի շրջանակում աշխատանքային կիսամյակը Ֆրանսիայում 3 – 4 ամիս անցկացնելու հնարավորություն վաստակած մեր յոթ ուսանողները, ինչպես նաեւ բառացիորեն երկու օր առաջ ՀՀ ԲՏԱ նախարարության կազմակերպած Ուսանողական հաքաթոնում՝ 26 թիմերի խիստ մրցակցությունում, մեր համալսարանի 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողներից կազմված թիմի նվաճած պատվավոր երրորդ մրցանակային տեղը։
Հաճույքով ենք արձանագրում, որ Ագրարային համալսարանում ստեղծված ուսանողակենտրոն միջավայրը տալիս է իր բարի պտուղները, իսկ ուսանողի եւ ղեկավարության միջեւ ձեւավորված խոստումնալից հարաբերությունները մեզ տանում են դեպի նույն վերջնարդյունքներ՝ համալսարանի հեղինակության բարձրացում եւ մեր երկրի ագրոպարենային ոլորտի հզորացում։
Սիրելի երիտասարդներ, գործընկերներ, շնորհակալ եմ ձեր նվիրված աշխատանքի եւ Ագրարային համալսարանում նորարարություններ կիրառելու ձգտումների համար։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ ու մաղթում երջանկություն ձեր անձնական կյանքում ու նվաճումների եւ վերելքների առատություն ձեր պատվաբեր մասնագիտական գործունեության մեջ․ գործունեություն, որի հուսալի սկիզբը դրվել է հարազատ Ագրարային համալսարանում։
Բարյացակամորեն,
Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ
ՀԱԱՀ ռեկտոր



