Քաղաքային խմիչք՝ գարեջուր. հայոց գարեջրագործության պատմությունը Քսենոփոնից մինչեւ Մահարի եւ մեր օրեր

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի (վարիչ՝ պատմագիտության թեկնածու, դոցենտ Մերի Նաջարյան) դոցենտ Համո Սուքիասյանը դասախոսություն-քննարկում իրականացրեց՝ նվիրված հայոց գարեջրագործության պատմությանը:

Այս նախաձեռնության՝ մտահղացման հեղինակը Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու Հրաչյա Գրիգորյանն էր: Հենց նրա գնահատանք-խոսքով էլ մեկնարկեց այս շատ հետաքրքիր զրույցը, որը նաեւ միջամբիոնային համագործակցության հրաշալի օրինակ է: Չէ որ հենց բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների մասնագետների հետ համատեղ հնարավոր է ստանալ հեռավոր անցյալում այս յուրօրինակ խմիչքի պատրաստման բոլոր նրբությունները: Ի դեպ, այս թեմայի շրջանակում մեր մասնագետները համագործակցում են նաեւ Հալեի համալսարանից Ռուբեն Դավթյանի հետ:

Հայոց գարեջրագործության պատմությունը Սուքիասյանը բաժանեց փուլերի՝ հնագույն – միջնադար – նոր – նորագույն շրջաններ: Բանախոսի համոզմամբ հատկապես Միջագետքն է գարեջրի արարման հայրենիքը, որտեղից տարածվեց աշխարհում, բնականաբար նաեւ՝ Հայաստանում: Քսենոփոնի մանրամասն նկարագրությունը մեզ իրավունք է տալիս համոզված ասելու, որ Հայաստանը այդ գործի հնագույն առաջատարներից է եղել, իսկ խմիչքը՝ սիրված:

Միջին դարերում գարեջուրը օրինաչափորեն կորցրեց իր գրավչությունն ու տեղը զիջեց քրիստոնեական ծիսակարգի կարեւոր խորհրդանիշերից գինուն: Նոր զարթոնքը պետք է լիներ 18-րդ հարյուրամյակի վերջում: Խաչատուր Ավեդյանց, Ծաղիկյան, Օսկանով. այն երեւելիներն էին, որ մեր երկրում գարեջրի արտադրության հիմքերը ստեղծեցին Երեւանում, Ալեքպոլում, գործարան է եղել նաեւ Կարսում: Խորհրդային տարիներին գործարաններ կային նաեւ Վարդենիսում, Ստեփանավանում, Ալավերդիում, Կապանում, Գորիսում, Արմավիրում:

Այսօր գարեջրի գործարանները մեր համալսարանի լավագույն գործընկերներն են եւ պատրաստակամորեն դռները բաց են պահում մեր ուսանողների՝ ապագա տեխնոլոգների առջեւ, չէ որ նրանց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կոփվում-ամրանում են Ագրարայինում: