Գիտխորհրդի նիստը ընտրական էր․ ամբիոնի չորս վարիչներ եւ վարժարանի տնօրենը համալրեցին թափուր պաշտոնները

Գիտական խորհրդի՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին կայացած հերթական նիստը մեկնարկեց ՀԱԱՀ 95-ամյա հոբելյանի հոկտեմբերի 14-ի տոնակատարությունը ֆինանսավորելու համար համալսարանի գործընկերներին ու աջակիցներին ուղղված նրա շնորհակալական խոսքով․ այդ աջակցության շնորհիվ համալսարանի բյուջեից առհասարակ որեւիցե ծախս չի արվել։

Նիստի օրակարգի հիմնական հարցը չորս ամբիոնի վարիչի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթի իրականացումն էր։ Հայոց եւ օտար լեզուների, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի, Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների եւ Ֆինանսահաշվային ամբիոնների վարիչների պաշտոնի հավակնորդները նույն ամբիոնների վարիչների գործող պաշտոնակատարներն էին, համապատասխանաբար՝ Ռուզաննա Փիլոսյանը, Սիրանուշ Ալթունյանը, Արամայիս Եսոյանը եւ Աննա Մելքոնյանը։ Վարժարանի տնօրենի պաշտոնին էլ հավակնում էր տնօրենի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը։

Նշված ստորաբաժանումների զարգացման ռազմավարական ծրագրերը տարբեր էին․ ընդհանուրը ամբիոնների եւ վարժարանի հետագա գործունեության տեսլականն ու ուղղությունները մեկ ընդհանուր նպատակի ծառայեցնելն է, այն է՝ երկրի ագրոպարենային եւ հարակից ոլորտների համար բարձր որակավորմամբ, մրցունակ մասնագետների պատրաստումը։ Ինչ վերաբերում է առկա իրավիճակի՝ հավակնորդների գնահատականներին, զուտ մասնագիտական նրբերանգներով հանդերձ, նշվեցին մի շարք ընդհանուր թույլ կողմեր ու կարիքներ, ինչպիսիք են դասախոսական կազմի սերնդափոխության դժվարությունները, լսարանների տեխնիկական թույլ հագեցվածությունը, աշխատանքային կիսամյակների անցկացման պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը եւ այլն։ Ընդհանրություններից պետք է նշել նաեւ բոլոր հավակնորդների ծանրակշիռ փորձը, որը եւս մեկ փաստարկ էր գիտխորհրդի անդամների համար՝ քվեարկելիս։

Ծավալված քննարկման եզրակացություններից մեկը, մասնավորապես տեխնիկական հագեցվածության վերաբերյալ, այն էր, որ պարզապես ավելի ճկուն պետք է օգտագործել եղած հզորությունները՝ միջամբիոնային ավելի արդյունավետ համագործակցության միջոցով․ մինչդեռ այժմ ունենք համակարգչային լսարաններ, որ գրեթե պարապուրդի են մատնված, մյուս կողմից՝ դասեր, որ միայն գրատախտակով ու կավիճով են անցկացվում։ Աշխատանքային կիսամյակի գործելակերպը, իր ամբողջ հմայքով հանդերձ, վերջին շրջանում լուրջ քննարկումների առարկա է դարձել համալսարանում՝ որոշ գործատուների չափազանց լիբերալ եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների բերումով։

Մասնավոր նկատառումներից կարելի է առանձնացնել պարոն Եսոյանի այն դիտարկումը, որ ընդհանուր առմամբ վերջին տարիների լաբորատոր-տեխնոլոգիական աննախադեպ համալրման դրական հանրապատկերում գյուղմեքենայացման նոր լաբորատորիաներ չունենք, եղած սարքավորումները հնացած են։ Արաքս Հակոբյանն էլ տեղեկացրեց արտոնյալ պայմաններով Ագրարային համալսարան ընդունվելու՝ վարժարանի շրջանավարտների համար ՀՀ պետական կառավարման մարմինների ընձեռած հնարավորության մասին։ Այս առումով ռեկտոր Զաքոյանի արձագանքը հստակ էր․ բարձր գնահատելով պետության բարյացակամությունը, մեզ համար սկզբունքային է սահմանված արտոնություններից ճիշտ օգտվելու եւ մրցունակ ու որակյալ մասնագետներ պատրաստելու պատրաստակամությունն ու կարողունակությունը՝ սկսած հանրակրթությունից մինչեւ բարձրագույն կրթություն։ Ամեն դեպքում, ինչպես երեւաց տիկին Հակոբյանի ներկայացրած ծրագրից, վարժարանի մանկավարժական հանրույթը վճռական է տրամադրված՝ դառնալ ագրոտեխնոլոգիական առաջատար դպրոց՝ օգտվելով նաեւ այս արտոնությունից։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որ ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմենակ Տեր-Գրիգորյանը, ցույց տվեցին, որ բոլոր հավակնորդները ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել են թափուր պաշտոններում։ Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց ստորաբաժանումների նորընտիր ղեկավարներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։

2024-2025 ուստարում ուսումնական ստորաբաժանումներում ծագած խնդիրների վերլուծությամբ եւ դրանց հնարավոր լուծումների իր տարբերակներով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ Ձեւակերպված խնդիրները եւ առաջարկվող լուծումները, մասնավորապես, վերաբերում էին ՄԿԾ-ների բարելավմանը, դասախոսական կազմի վերապատրաստումներին ու խրախուսման մեխանիզմներին, դասավանդման եւ ուսումնառության բազմաշերտ փորձին, գործելակերպերին ու մոտեցումներին, ուսանողների գնահատմանը, հետազոտական գործունեությանը, կրթական միջավայրի շարունակական բարելավմանը, որակի ապահովման գործընթացում ներքին եւ արտաքին շահակիցների ներգրավվածությանը եւ այլն։

Պրոռեկտոր Թովմասյանի վերլուծությունը ռեկտոր Զաքոյանը որակեց որպես կարիքների գնահատում, որը պետք է յուրաքանչյուրիս սեղանի գիրքը լինի, իսկ բոլորիս գերնպատակը չի փոխվում՝ պատրաստել որակյալ մասնագետներ։