Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում խաղողագործ եղբայրներ Արման եւ Տիգրան Հարությունյանների 3,5-հեկտարանոց խաղողի այգին հետաքրքիր, արմատական ու դրական փոխակերպման է ենթարկվել ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ անցյալ աշնանից մինչ այս աշուն։ Խորքային առումով սա, թերեւս, նման է հենց հայրենի գյուղի «իմաստային» փոխակերպմանը, երբ նախկինում Սովետական անվանված-պիտակավորված գյուղը 2006 թ․ վերանվանվեց ճշգրիտ, գեղեցիկ ու խորհրդաշատ Ալաշկերտ անվանմամբ։
Այդպիսի գեղեցիկ ու մեծ աշխատանք են կատարել Հարությունյանները՝ ճշգրտորեն հետեւելով Ագրարային համալսարանի «Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտնականների, մասնավորապես գիտական կենտրոնի տնօրենի խորհրդատու, ՀԱԱՀ ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանի խորհուրդներին ու հրահանգներին։
Հայկական կարմիր քիշմիշ, Շահումյան, մոլդովական քիշմիշ եւ մի քանի այլ սորտերի խաղողի ավանդական թառմային ձեւավորմամբ այգին 2003 թ․ հիմնել է Հարությունյանների լուսահոգի հայրը՝ 2015-ին որպես լավագույն ֆերմեր վարչապետի մրցանակին արժանացած Էդիկ Հարությունյանը։ Երբեմնի խնամված ու փայփայված օրինակելի այգին, ըստ էության, ամբողջովին կանաչազրկվել՝ քլորոզվել էր (այս հիվանդությունը խախտում է քլորոֆիլի առաջացումը տերեւներում եւ նվազեցնում լուսասինթեզի առաջացումը)։
Ոսկեհատի խաղողագործության ԳԿ խաղողագործության եւ գինեգործության բաժնի վարիչ, տեխ․ գիտ․ դոկտոր Կարեն Կազումյանի, բաժնի գիտաշխատող, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արտեմ Օհանյանի եւ Ներսես Կոստանյանի՝ սեպտեմբերի 25-ի այցը Հարությունյան եղբայրների այգի, որ հերթական խորհրդատվական բնույթ ուներ, դարձավ նաեւ կատարված աշխատանքի առաջին եւ գոհացուցիչ ամփոփման առիթ։ Արմանը եւ Տիգրանը հսկայածավալ աշխատանք են կատարել մեր գիտնականների խորհրդատվությամբ։
Կարգավորվել է ջրային ռեժիմը, որ հիմնովին սխալ է եղել․ դադարեցվել է, պարոն Կոստանյանի բնութագրմամբ՝ «մեծ լվացքը» (հողում միկրո եւ մակրոտարրերի լվացում-հեռացումը գերջրման եւ լճացման հետեւանքով), այն էլ՝ մասամբ՝ ոռոգման համար ոչ պիտանի ջրով, քանի որ երկու խորքային հորերից մեկը աղակալման բարձր աստիճան է ունեցել։ Այդ հորի շահագործումը դադարեցվել է, հրահանգվել է ոռոգումը կատարել ավելի փոքր հաճախականությամբ, ավելի ցածր նորմերով՝ օգտագործելով հորերից միայն մեկի եւ Արաքսի ջուրը։ Այս որոշումները կայացվել են ՀԱԱՀ Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում կատարված՝ հողի եւ ջրի անալիզների արդյունքների հիման վրա։ Կատարվել է ոչ միայն տերեւային, այլեւ արմատային սնուցում, հողում հետեւողականորեն ավելացվել-լրացվել է ցինկի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի եւ այլ անհրաժեշտ նյութերի պակասը։ Նաեւ անցկացվել է կարկտապաշտպան ցանց, կառուցվել է սառնարանային տնտեսություն։
Այս ամենը ֆիզիկական, ֆինանսական ու հոգեբանական մեծ բեռ են ենթադրում․ բոլոր դժվարությունների միջով եղբայրներն անցել են համառ աշխատանքով եւ անշահախնդիր գիտնական գործընկերների մանրակրկիտ հրահանգներին հետեւելով։
«Ես շատ շնորհակալ եմ Խաղողագործության գիտական կենտրոնի անձնակազմին եւ հատկապես պարոն Կոստանյանին՝ բարի կամքի, բանիմաց ու գրագետ մոտեցման, իրենց գիտելիքներն ու հսկայական փորձը մեծ պատասխանատվությամբ մեզ փոխանցելու համար։ Մենք շատ բան սովորեցինք՝ սկսած արմատային սնուցումից մինչեւ հիվանդությունների ու վնասատուների բացահայտում եւ պայքար, գրագետ ջրային ռեժիմ, խաղողի սորտային հատկանիշներ ու այգու սեզոնային խնամք եւ այլն»։
«Այգին դեռ վերականգնման փուլում է, բայց արդեն գեղեցիկ ու ճիշտ տեսք ունի, բերքը առատ է ու որակյալ․ այս իմաստով մենք հասել ենք մեր նպատակին, բայց մենք շարունակելու ենք հետեւել-միջամտել այգու հետագա վերականգման ու զարգացման գործընթացին», ասում է Ներսես Կոստանյանը։ Պրոֆեսոր Կազումյանի հակիրճ բնութագրումն էր՝ «գեղեցկություն»։ Դոցենտ Օհանյանն էլ բերքի նմուշների «լաբորատոր» փորձաքննությունը, ըստ էության, սկսեց դեռ այգում, նախքան համալսարանի լաբորատորիա դրանք հասցնելը։
Արդեն հասունացած, գեղեցիկ, սորտային բոլոր առանձնահատկություններն ու համահոտային լավագույն հատկանիշները պահպանած տարբեր սորտերի խաղողի բերքի նմուշների համալիր հետազոտությունը վերջնական պատկերացում կտա բերքատվության եւ բերքի որակի վերաբերյալ․ գիտնականները կասկած չունեն, որ գոհացուցիչ արդյունքներ են գրանցվելու։
Հարությունյանների (ինչպես եւ համայնքի ու մարզի մյուս խաղողագործների) գլխավոր մտահոգությունը արտադրանքի իրացման գներն են․ մեծածախ շուկան, մեղմ ասած, առատաձեռն չէ խաղող արտադրող ֆերմերների հանդեպ։ Այն, որ կիլոգրամը 180-200 դրամ արժեքը հեռու է իրական լինելուց, բոլորից լավ պատկերացնում են արտադրողն ու գիտնական-խորհրդատուն․ ափսոս, որ այսքան փառավոր աշխատանքի գինը ոչ թե իրենք, այլ ուրիշներն են թելադրում։

































