Դպրոց-բուհ անքակտելի կապ. Թիվ 139 դպրոցի սաները կարեւոր տեղեկություններ ստացան եւ ներսից ճանաչեցին Ագրարայինը

Այսօր՝ մարտի 21-ին, հյուրընկալել էինք Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի տասներորդ դասարանցիներին: Նրանք Ուսանողների հաջողության կենտրոն սրահ-հարթակում ներկայացրին զբոսաշրջային պայմանական ընկերության հիմնման իրենց նախագծերն ու տեսլականը: Բարձր մրցակցությամբ ոլորտում «արեւի տակ իրենց տեղը» նվաճելու մղումով՝ նոր, թարմ, տարբերվող մտահղացում-առաջարկություններով:

Այս գնահատելի նախաձեռնության հեղինակ-կազմակերպիչը պատմություն առարկայի մեթոդմիավորման նախագահ Զարուհի Ծպնեցյանն էր, դասարանի դասղեկ Մոնիկա Առաքելյանի հետ սերտ համագործակցությամբ: Պատանիները ուսուցիչների ղեկավարությամբ եռանդով էին աշխատել ու ջանացել էին հետաքրքիր շնորհանդես պատրաստել:

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյանը գնահատեց դպրոցականների աշխատանքը, սակայն մասնագիտության տեսակետից հորդորեց, որ ծրագրերը կազմեն ավելի իրատեսական-հստակ-հիմնավորված, հնարավոր բոլոր՝ հատկապես անցանկալի զարգացումները ի նկատի ունենալով: Մի խոսքով, ինչպես սիրում ենք ասել՝ հողի վրա:

Իսկ հողի վրա տնտեսագիտության տեսակետից գրագետ նախագծեր կազմելու համար հիմնարար մասնագիտական կրթություն է պետք: Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ, դոցենտ Արման Հարությունյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ. Հրաչյա Գրիգորյանը եւս քաջալերեցին պատանիներին եւ հավելեցին. «Սիրով ձեզ կսպասենք»:

Համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը պատանիներին մանրամասն ներկայացրեց բուհը՝ մասնագիտություններով, միջազգային կապերի ընդգրկուն աշխարհագրությամբ, աշխատանքային հեռանկարներով: Մեր հյուրերն իրենց համար անսպասելի «հայտնագործություններ» արեցին, կարեւոր դրվագներ իմացան, գայթակղվեցին հրապուրիչ մասնագիտություններով եւ այլեւս ավելի իրազեկ մարդու աչքերով կարող են անսխալ կերպով ընտրել իրենց գալիքի ճանապարհը: