Հրաչյա Զաքոյանը ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ մարտի 19-ին կայացած նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի նախապես հայտարարած բաց մրցույթը՝ ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար։ Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի 2025 թ․ հունվարի 24-ին վավերացրած՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն, մրցույթին հայտ էր ներկայացրել պաշտոնի 4 հավակնորդ՝ ՀԱԱՀ «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ,  ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի դոցենտ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու Արեւիկ Ազիզյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու Սոնա Ծառուկյանը եւ տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը։

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի բոլոր պահանջները կատարելով, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդը անցկացրեց ընտրությունը, եւ գաղտնի քվեարկության անցկացումից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակեց ՀԱԱՀ ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի բոլոր 20 անդամները մասնակցել են քվեարկությանը, եւ նրանց ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Բոլորին դեմ եմ» – 1,

«Կողմ եմ» Հրաչյա Զաքոյանին – 19։

Մյուս երեք թեկնածուների օգտին կողմ քվեարկող չի եղել ։

Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընդունեց որոշում Հրաչյա Զաքոյանին ռեկտոր ընտրելու մասին։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը շնորհավորեց Հրաչյա Զաքոյանին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Պարոն Զաքոյանն էլ շնորհակալություն հայտնեց խորհրդին մեծ վստահության համար եւ հավաստիացրեց, որ կշարունակի ամեն ջանք գործադրել ի նպաստ Ագրարային համալսարանի առաջընթացի։