Աշխարհը եւ մենք. Մասնագետները միջազգային երկու ծրագիր մանրակրկիտ քննարկեցին եւ նախանշեցին անելիքները

Ընդամենը օրեր առաջ մենք առիթ ունեցել ենք ներկայացնելու VETfarm (մեկնարկել է 2023-ին, կավարտվի առաջիկա նոյեմբերին) եւ LISS24 (սկսվել է 2024-ին եւ կամփոփվի 2026-ին) միջազգային ծրագրերը, որոնց մասին ողջ ընթացքում հաշվետվություն-հրապարակումներ պարբերաբար ունեցել ենք եւ մեր ուշադիր ընթերցողներն այդ ամենից հանգամանորեն տեղեկացված են: Ուստի, երեկվա՝ մարտի 19-ի, քննարկումների մասին ծրագրերի նկարագրությունը չենք տա՝ անհարկի կրկնություններից խուսափելու համար:

Մեր գործընկերները՝ ՋՀՌԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նաիրա Ալոյանը (VETfarm), ԱԿՔ ամբիոնի դասախոս, LISS24-ի հետազոտող Հասմիկ Գեւորգյանը եւ նույն նախագծի ՀԱԱՀ-ի բաղադրիչի ղեկավար, Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը մանրակրկիտ ներկայացրին կատարված աշխատանքները, անելիքների ժամանակացույցը, լուծման կարոտ խնդիրները: Երկու նախագիծն էլ ներդրվելու է ժամանակակից կրթության մեջ՝ VETfarm-ը որպես միջին մասնագիտական դուալ կրթության կարեւոր բաղադրիչ, երկրորդը, որպես մագիստրոսական կրթական ծրագիր: Երկուսն էլ միտված են մեր երիտասարդների հմտությունների եւ գիտելիքների լավարկմանը, աշխատաշուկայում, գործարարության ոլորտում (ներառյալ՝ վարքագծային տնտեսագիտություն) նրանց մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, LISS24-ի B2B շրջանակում մարտ-ապրիլ ամիսներին ուսանողները կնախապատրաստվեն «Վաճառք՝ բիզնեսի համար» մրցույթին եւ մեկ ուսանող 2026 թ.-ին կմասնակցի եւրոպական փուլին:

Միջազգային ծրագրերի ընթացքի, դրանց շրջանակում գործուղումների մասին հաշվետու լինելու ավանդույթը եղել է համալսարանում: Հիմա գնահատելի է, որ այն վերադառնում է, եւ շահագրգիռ- հետաքրքրված բոլոր կողմերը կարող են իրազեկված լինել կենդանի շփման միջոցով: