Մեզնից լավ ոչ ոք չի անի. ներքին մշտադիտարկում՝ որակի վերահսկման եւ ապահովման համար

Փետրվարի 3-ին (Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության) եւ 4-ին (Ագրոնոմիական եւ Անասնաբուժական) ֆակուլտետների աշխատանքային խմբերին գործնական վերապատրաստման-քննարկումների էին հրավիրել համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի աշխատակիցները, տնօրենի՝ դոցենտ Աննա Դաշտոյանի նախաձեռնությամբ:

– Այս աշխատանքային խմբերով պետք է իրականացնենք ներքին աուդիտ: Մեզնից լավ ոչ ոք չի կարող դա անել, որովհետեւ շատ լավ ենք պատկերացնում ոլորտի առանձնահատկությունները: Իսկ նպատակը մեկն է՝ ուսումնասիրել-բացահայտել մեր աշխատանքի դրականն ու բացասականը, արդյոք ճի՞շտ ուղղությամբ ենք ընթանում: Ողջ գործընթացի ո՞ր հատվածը ավելի լավարկելու, բարելավվելու կարիք ունի: Որտե՞ղ ենք հաջողել, որ կարող ենք բոլորի համար օրինակ լինել,-քննարկման մեկնարկին ասաց տիկին Դաշտոյանը:

Ֆակուլտետների դեկանների որոշումներով են ստեղծվել ՄԿԾ պատասխանատուների աշխատանքային խմբերը, որոնք մինչեւ մարտի 31-ը պետք է ներայացնեն իրենց դիտարկումների ամփոփումները: Ընդ սմին, առանձին-առանձին կուսումնասիրվեն նույն կրթական ծրագրերի մագիստրոսական եւ բակալավրական  մակարդակները, դրանց համապատասխանությունը համալսարանի առաքելությանն ու ռազմավարությանը: Էական հանգամանք է պաշարների բաշխվածությունը: Չէ որ կրթական միջավայրը էապես նպաստում է, որ ուսումնառությունը լինի հետազոտական եւ ստեղծագործ: Եւ ուսումնասիրությունների պահանջը բնականաբար մեկն է՝ ազնիվ գնահատում:

Անշուշտ, կուսումնասիրվեն նաեւ ուսանողների եւ գործատուների, դասախոսական կազմի կարծիքները, մոտեցումներն ու դիրքորոշումները:

Քննարկումն իսկապես բուռն էր, նախանձախնդիր եւ դա հրաշալի է․ սա է լավագույն ճանապարհը՝ ուրվագծելու կրթության կազմակերպման միակ անսխալ փիլիսոփայությունը: