Էրազմուսյան փորձուսուցում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Առաջին կուրսից նպատակ ունեի կրթություն ստանալ արտերկրում, որի ընթացքում կարող էի կատարելագործել մասնագիտական հմտություններս, ծանոթանալ այլ երկրի մշակույթին, ձեռք բերել նոր ընկերներ:

Չորրորդ կուրսի առաջին կիսամյակում պետք է փորձուսուցում անցնեի որեւէ գինեգործարանում, բայց անսպասելիորեն տեղեկացա Էրազմուս+ ծրագրի մասին, որի միջոցով հնարավորություն կար փորձուսուցում անցնել Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում:

․․․Հաղթահարելով մրցութային եւ փաստաթղթային գործընթացները, 2024 թ. սեպտեմբերի 14-ին մեկնեցի Պորտուգալիա եւ սկսեցի աշխատել Բեժա քաղաքի Herdade da Figueirinha գինեգործարանում: Փորձուսուցման ընթացքում ծանոթացա նորագույն տեխնոլոգիաներին եւ սարքավորումներին, սովորեցի դրանց օգտագործման կանոնները: Ամենալավն այն էր, որ իմ ուղեւորության ժամանակը համընկնում էր բերքահավաքի հետ, եւ դա հնարավորություն տվեց Պորտուգալական գինեգործությանը ծանոթանալ՝ սկսած մթերման փուլից:

Աշխատել եմ մթերման հենց մասնաշենքում։ Երբ խաղողը բերում էին գործարան, գինեգործի հետ սկզբում որոշում էինք խաղողի շաքարայնությունը, իսկ այնուհետեւ՝ հավելումների քանակը ըստ խաղողի շաքարայնության: Հետո ուշադրություն էինք դարձնում խմորման ընթացքին՝ երբ է սկսվում այն, քանի օր է տեւում, ինչ ջերմաստիճանում է տեղի ունենում։ Հավաքված բոլոր տվյալները զեկուցում էի գինեգործին եւ նրա վերջնական ստուգումից հետո գինենյութը սկզբում ուղարկում էին մամլման, այնուհետեւ՝ պահամաններ: Այցելել եմ նաեւ շշալցման մասնաշենք, որտեղ օգնում էի շշերը դնել հոսքագծի վրա, հետեւել շշալցման ընթացքին եւ այլն: Մեկ շաբաթ շշալցման մասնաշենքում աշխատելուց հետո գնացել եմ մառան, որտեղ պահվում էր մոտ չորս հարյուր տակառ գինի: Քսան օր մասնակցել եմ տակառներից գինու դուրսբերման գործընթացին,  քանի որ լրացել էր հնեցման ժամկետը: Գինին դուրս բերելուց հետո լվացել եմ տակառները, եւ նոր երիտասարդ գինու մի մասը կրկին լցրել տակառներ եւ ուղարկել հնեցման:

Փորձուսուցման ընթացքում ծանոթացել եմ նաեւ գործարանի զբոսաշրջային գործունեության հետ․ երբ խումբ էր գալիս, գործարանի ուղեկցողն ինձ հրավիրում էր շրջելու հյուրերի հետ եւ սովորել` թե ինչպես է պետք ընդունել զբոսաշրջիկներին, ծանոթացնել գործարանին, ներկայացնել գինին եւ, իհարկե, անել այնպես, որ գինի գնեն:

Բերքահավաքի ընթացում մեկ օր էլ տրամադրել եմ այգիներին, խաղողագործությանը եւ բերքահավաքի մշակույթին:

Շարժունությունը հնարավորություն տվեց ծանոթանալու այլ երկրների ուսանողների հետ, նրանց սովորեցնելու հայկական ազգագրական պարերից երկուսը` Գյովնդ եւ Մըշու խըռ, ինչպես նաեւ սովորեցի այլ երկրների ազգային պարեր, ճաշակեցի նրանց ազգային ուտեստներ:

Այս երեք ամիսների մասին ասելիքս շատ է, բայց ամենակարեւորն այն է, որ ստացա այնպիսի գիտելիքներ, որոնք խիստ անհրաժեշտ էին ինձ: Այժմ մտադրված եմ ավելի կատարելագործել մասնագիտական եւ լեզվական գիտելիքներս ու հմտություններս, որպեսզի կարողանամ մագիստրատուրան սովորեմ արտերկրում:

Խաչիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործության կրթական ծրագրի ուսանող