էրազմ Ռոտերդամցին ասել է․ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ գրադարանս է»:
Ագրարայինցիներիս համար հայրենիքի կարեւորագույն հատվածը երկրորդ մասնաշենքում է: Միշտ խնամված-կարեւորված, մարդաշատ: Հպարտության իրավունք տվող:
2004-ից մեր երկրում սկսեցին նշել գրադարանավարի օրը: Կարծում ենք` կհամաձայնեք, որ հատկապես գրադարանավարներն եւ թանգարանագետները իրենց առաքելությունը մի այլ նվիրումով ու գիտակցումով են կատարում: Եթե չսիրես, մեկ րոպե էլ չես մնա յուրահատուկ-անշփոթելի բույրով այդ գանձարաններում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով մեր գրադարանը արժանացել է պատվոգրի՝ լավագույն մասնագիտական-բուհական գրադարան անվանակարգում: Թերեւս ամենախոսուն անվանակարգում: Սա մեր գործընկերների տարիների նվիրումով աշխատանքի արժանի գնահատականն է:
Գրադարանավարի օրվա առթիվ տիկին Անդրեասյանը պատվոգիրը շնորհել է ՀԱԱՀ գրադարանի վարիչ Լիլիթ Վարդանյանին:
Մասնագիտական տոնի առթիվ հաճելի ու կիրառական կարեւոր նշանակությամբ անակնկալ էր պատրաստել նաեւ Հայկական գրադարանային ընկերակցությունը, որի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը Լիլիթ Վարդանյանին է փոխանցել «Զանգակ» հրատարակչատան գրքերի գնման 50.000 դրամ արժեքով նվեր-քարտ: Ընդսմին, էական է, որ գրքերի ընտրություն-համալրումը կատարելու են մեր աշխատակիցները:
Շնորհավորում ենք գիտական գրադարանի ողջ աշխատակազմին եւ մաղթում, որ եռանդն ու կորովը՝ ինչպես միշտ, լինեն իրենց անփոխարինելի աշխատանքի գլխավոր բնութագրիչները: