Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը Ագրարային համալսարանում

Օգոստոսի 30-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում արտակարգ իրադարձություն էր՝ բեմում Կոմիտասի անվան պետական լարային քառյակն էր՝ բացառապես Կոմիտասի մեծահռչակ ստեղծագործություններից բաղկացած նվագացանկով։ Բարեգործական համերգը կազմակերպել էին Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) ՀԿ վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը։

Գեղեցիկ ու հիշարժան միջոցառմամբ կազմակերպիչները երախտիքի տուրք մատուցեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների եւ Արցախից բռնի տեղահանվածների համար» ծրագրի վերագործարկման հովանավորին եւ աջակիցներին։ Ծրագրի առաջին փուլից հետո բազմաթիվ մասնակիցներ մշտական աշխատանք են գտել։ Ծրագրի վերամեկնարկը տրվել է այս տարվա հուլիսին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական հովանավորությամբ եւ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զինապահ» հիմնադրամի, «Զինվորի տան» եւ «Մունք» ՏՏ համայնքի աջակցությամբ։

Միջոցառումը մեկնարկեց Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքով։ Համերգից առաջ ողջույնի եւ հովանավորներին ու աջակիցներին ուղղված երախտիքի ջերմ խոսքերով հանդես եկան  ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ագրարային համալսարանի անունից հյուրերին ողջունեց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Նախագիծը ներկայացրեց ՏՏ ծրագրերի ղեկավար Արման Խալաթյանը։

Պարոն Զաքոյանը մասնավորապես խոսեց այն արժեհամակարգի մասին, որով առաջնորդվում է Ագրարային համալսարանը՝ այդ թվում համանման ազգօգուտ նախաձեռնությունների մաս կազմելով։ Այսպիսի հաջողված համագործակցության մեկ այլ օրինակ է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի հետ համատեղ վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով արձագանքում ենք մասնագիտական աշխատաշուկայի հրատապ կարիքներին եւ արդեն շոշափելի արդյունքներ ենք գրանցել մասնակից երիտասարդներին աշխատանքով ապահովելու գործում։ Պարոն Զաքոյանը հայտնեց համալսարանի պատրաստակամությունը՝ հետագայում էլ սատարելու մարդասիրական, պետականամետ եւ հասարակությանն առաջ մղող նախաձեռնությունները։

Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը մեծ իրադարձություն էր մեր համալսարանի համար։ Ներկաները վայելեցին եւ ըստ արժանվույն գնահատեցին հարյուրամյա լեգենդար քառյակի կատարողական արվեստը։ Հիշարժան օրը նշանավորվեց ոչ միայն համերգով, այլեւ քառյակի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի մաեստրո Էդուարդ Թադեւոսյանի եւ քառյակի անդամների հետ գեղեցիկ լուսանկարով։