Ավարտաճառերի պաշտպանություն. Մենք՝ մասնագետներս, շատ անելիքներ ունենք սահմանամերձ գյուղերի համար

Այսօր՝ մայիսի 21-ին, «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» բակալավրական կրթական ծրագրի ավարտական կուրսեցիները պաշտպանեցին ավարտաճառերը: Բոլոր թեմաներն էին արդիական, իրական խնդիրների բացահայտմանն ու լուծման ուղիներին միտված: Երիտասարդները հրաշալի աշխատանքներ էին կատարել, եւ այս հարցում մեծ է եղել աշխատանքային կիսամյակի դերը, որի շնորհիվ լսարաններում սերտած ճշմարտություն-օրինաչափությունները միս ու արյուն էին ստացել մասնագիտությամբ աշխատելու ընթացքում:

Սակայն, այնուամենայնիվ, հարկ ենք համարում երկու հոգու առանձնացնել: Տարոնը եւ Դավիթը ղեկավարների (համապատասխանաբար՝ դասախոս Գեղամ Նավոյան եւ ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյան) հսկողությամբ շատ հստակ խնդիրներ են լուծել Տավուշի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերում: Նրանք ցավով էին պատմում, որ 21-րդ դարում իրենց ուսումնասիրած համայնքներում խմելու եւ ոռոգման ջրերի հիմնախնդիր կա, որի պատճառով տուժում է մարդկանց կյանքի որակը: Աշխատանքը կատարելիս երիտասարդները օգտվել էին ժամանակակից ծրագրակազմերի ընձեռած հնարավորություններից: Այս նյութի վերտառություն էլ դարձրինք Տարոնի ամփոփումը, թե սահմանամերձ գյուղերում անելիքներ շատ ունենք: Եւ նրանք սկսած գործը այլ բնակավայրերում եւս շարունակելու կամք ու վճռականություն ունեն:

Հանձնաժողովի նախագահը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական հարցերով ազգային համակարգող, կ.գ.թ. Վահան Ամիրխանյանը, ամփոփելով նիստն՝ ասաց.

-Երկու փայլուն աշխատանք կար, իսկ ընդհանուր առմամբ մակարդակը բավական լավ է եւ կարծում եմ բոլորն իրենց ոլորտի նվիրյալ մասնագետներ կդառնան: