Երեկ՝ մայիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց Ճապոնիայի ֆինանսների խորհրդարանական փոխնախարար Շինդո Կանեհիկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, փոխնախարարի գրասենյակի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության պատասխանատուներ, ՎԶԵԲ Ճապոնիայի գրասենյակի տնօրեն Հիկի Շիգետոն։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ճապոնացի գործընկերների այցի նպատակը Ագրարային համալսարանի՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ստեղծված նորարարական ուսումնափորձնական ջերմատան գործունեությանը ծանոթանալն էր։
ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ուղեկցությամբ հյուրերը նախ եղան ջերմատանը։ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը հյուրերին ծանոթացրեց ջերմատան բաժիններին, ֆարմբոտ ռոբոտային համակարգի աշխատանքին, ուսանողների, ասպիրանտների իրականացրած փորձերին։
Հյուրերն այցելեցին նաեւ Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիա ու համտեսի սրահ, իրականացվող աշխատանքներին ծանոթացան լաբորատորիայի վարիչ Միքայել Միքայելյանի օգնությամբ, իսկ գինու ակադեմիայի համադրող Սոնա Խոջոյանը մեր գործընկերներին ներկայացրեց հայկական գինեգործության հակիրճ պատմությունն ու վարեց հայկական մի քանի գինիների, այդ թվում՝ Ագրարային համալսարանի «Սերունդ» գինու համտեսը։
Ճապոնացի գործընկերների վկայությամբ, տպավորությունները վառ էին, համագործակցության արդյունքը՝ գոհացուցիչ։ Վերջին մի քանի տարիներին այդ երկրի կառավարության հետ ՀԱԱՀ-ի գործակցությունը եղել եւ շարունակում է մնալ նպատակային եւ արգասաբեր։ Վերջին ձեռքբերումը եղել է բարեկամ երկրի ժողովրդի աջակցությամբ Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում Մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կայանի բացումը անցյալ տարվա սեպտեմբերին։