Երիտասարդները կարդում են. Գաղափար, որ եկել է շատ պատահական

Ուսանողները, սեփական ընտրությամբ – նախաձեռնությամբ կարդացել ու հանդիպման էին հրավիրել «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանին: Հրատարակիչների դիտարկումներով գիրքն արդեն 2024-ի ամենավաճառվածն է, շնորհանդեսները «լցրել» են մարզահամերգային համալիրի դահլիճը եւ սա աննախադեպ է: Հեղինակի համոզմամբ հիմնական ընթերցող լսարանը 16-30 տարիքային խումբն է:

Ռուբեն Եսայանը մաթեմատիկան շատ սիրելով ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը, բայց երրորդ կուրսից հասկացավ, որ մաթեմատիկա սիրում է, իսկ ծածկագիր գրել՝ ոչ: Ուրեմն պետք էր նոր ոլորտ գտնել, որի հիմքում սեր կլինի՝ իր տեսանկյունից: Եւ գտավ: Գտավ զրոյից՝ «մեջք չունենալով», շատ պատահական: Հաջողության իր բանաձեւն էլ սահմանել է համացանց + անգլերեն: Աքսիոմ է:

-Բլոգերը արդեն մասնագիտություն է: Նույնիսկ Իլոն Մասկն է այս բանակին միացել,-կես լուրջ, կես կատակ ասում է մեր հյուրը:

Ռուբենը սիրում է երաժշտություն-տեսաֆիլմեր-գրքեր արարել: Հեղինակային հրատարակությամբ երկու գիրք ունի, եւս երկուսը՝ իրականություն դառնալու ճանապարհն են բռնել: Չի բացառվում, որ դրանք ֆիլմի վերածվեն:

Վարժարանի սան Լեւոնը, որ հասցնում է իր բազում հետաքրքրությունները գոհացնելու ժամանակ գտնել՝ խանդավառված է.

-Չէի հավատում, որ մեր օրերում հնարավոր է նման գիրք գրել: Երկու գիրքն էլ կարդացել եմ՝ արագ, մի շնչով:

-Ես գրքերով չէի հետաքրքրվում, Լեւոնից տեղեկացա: Հիմա գրադարան ու գրախանութ հաճախ եմ գնում:

Լսարանը մեծ չէր, բայց կարդացող երիտասարդներ էին եւ կարեւորը դա էր:

Հրաժեշտից առաջ Ռուբենը հորդորեց.

-Կարդացեք-կայացեք: Մի վախեցեք, գնացեք «ձերի» ետեւից:

Հանդիպման կազմակերպիչը՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհրիդից Մարիամը, մինչ մեկնարկը զուր էր անհանգստանում: Հրաշալի հանդիպում էր: Ավարտին նա հյուրին նվիրեց իրենց ստեղծագործություններից՝ կաթնային շոկոլադ եւ անապակ գինի: