Ագրոնոմիական ֆակուլտետի «Բնապահպանություն եւ բնօգտագործում» մասնագիտության «Ագրոէկոլոգիա» կրթական ծրագրի եւ «Անտառային տնտեսություն» մասնագիտության «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» կրթական ծրագրի բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգերի ուսանողները փայլուն պաշտպանեցին իրենց ավարտական աշխատանքները: Թե՛ անտառագետների, թե՛ ագրոէկոլոգների ավարտական աշխատանքների թեմաները՝ առանց բացառության, կոնկրետ, արդիական խնդիրների լուծմանն էին ուղղված, եւ հանձնաժողովի անդամների կարծիքով, կարող են կյանքի կոչվել։
«Թափոնների կայուն կառավարման նորարարական լուծումների ներդրման հնարավորությունները Արզնի ընկերությունում», «Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները Ամուլսարի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում», «Երեւանի կոնյակի գործարանում գյուղատնտեսական թափոնների վերաօգտագործման եղանակների ուսումնասիրումը», «Երեւանի Էրեբունի, Ավան համայնքների հանգստի գոտիների կանաչապատում», «Ճանապարհամերձ անտառաշերտի նախագծում Ծաղկաձոր-Հանքավան հատվածում» ու էլի այլ, իրական, ոչ մտացածին նախագծեր՝ ՏՏ ժամանակակից ծրագրակազմերի, «գունավոր անվի» կիրառությամբ արված: Վերջինը նաեւ գեղագիտական խնդիրների լուծման ճանապարհ է, բույսերի գույների ներդաշնակման միջոցով:
Տարակարծիք մոտեցումների դեպքում դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, հորդորում էր իր սաներին.
-Դուք պետք է կարողանաք համարձակ պաշտպանել ձեր կարծիքները, հիմնավորել դրանք:
Ի միջի այլոց, ամենից շատ հարցեր էլ տալիս էր հենց դեկանը.
-Խրամատ փորելու իմաստը ո՞րն է, ակոս-փոս տարբերությունների նրբերանգները կբացատրե՞ս:
Պարոն Տեր-Գրիգորյանի աչքից չվրիպեց, որ գրախոսողներից ոմանք՝ «կոնվեերային» սկզբունքով, գրեթե բոլոր աշխատանքներում նույն թերացումներն էին նշել: Դեկանը շեշտեց, որ այս հարցը անպատճառ լուրջ քննարկման կարիք ունի:
Հանձնաժողովի նախագահ՝ ՀՊՄՀ-ի էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, «Էկոլոգիական մոնիթորինգի եւ գնահատման» գիտական լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Սիրինե Շողերյանը, ամփոփելով այսօրվա աշխատանքը, նկատեց.
-Բոլոր ավարտաճառերը արդիական թեմաներով էին, հետազոտական բաղադրիչով: Շատ կարեւոր է, որ ուսանողները լավ փորձուսուցման շրջան են անցել եւ շատ հաստատուն գիտելիքներ ունեն:
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Մարինե Մարկոսյանն էլ կարեւոր համարեց ավարտաճառերի ղեկավարների աշխատանքը, որոնք մանրակրկիտ աշխատել էին, ուղղորդել ուսանողներին:
Ավարտաճառերի պաշտպանության վերջում հանձնաժողովի անդամները շնորհավորանքի խոսքեր ասացին ու բարի երթ մաղթեցին շրջանավարտներին:
-Դուք այսուհետ մեր գործընկերներն եք, ձեր ընտրած մասնագիտությունների դեսպանները, ուստի նաեւ Ձեր մասնագիտական գործունեությունից ու ձեռքբերումներից են կախված ոլորտում առկա խնդիրների լուծումը եւ մարդկանց վերաբերմունքը այս կարեւոր մասնագիտությունների նկատմամբ, – նշեց դեկան Տեր-Գրիգորյանը՝ հավելելով, որ նրանց միշտ սպասելու են բուհում: