Ապրիլի 12-ին Ֆրուտենիա նախագիծն ամփոփեց քառամյա գործունեությունը, որ եղել է արգասաբեր եւ լավ հիմքեր է ստեղծել Հայաստանում այգեպտղաբուծության հետագա հարակայուն զարգացման համար։ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այս մեգանախագծի մեկնարկը տվել են 2019 թ․ դեկտեմբերին, 2020 թ․ գարնանը մեկնարկել է նախագծի գործնական փուլը։
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին նախագծի աջակիցներ ու իրականացնող կազմակերպությունների, շահառու համայնքի ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Նախագծի ավարտի եւ դրա արդյունքների մասին խոսեցին Ավստրական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ հեռավար կերպով՝ նախագծի միջազգային փորձագետ Դավիդե Ներին։
Կլաուս Կապերը Ֆրուտենիա նախագիծը համարեց Հայաստանում գործակալության աջակցած կարեւորագույն նախագծերից մեկը։ Նա արձանագրեց թե΄ այգեպտղաբուծության ոլորտի համալսարանական մասնագիտական կրթության եւ թե΄ նախագծի շահառու ֆերմերների վերապատրաստման գործում ակնառու հաջողությունները։
Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հովանավոր եւ գործընկեր կազմակերպություններին, շեշտելով Հայաստանի տնտեսության ռազմավարական կարեւորության ճյուղի՝ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ նախագծի ունեցած անուրանալի դերը։ Պարոն Զաքոյանն ընդգծեց, որ երիտասարդ ֆերմերների, շահառու հանրության այլ ներկայացուցիչների համար նախագիծը լավագույն հնարավորությունն է եղել իրենց արտադրանքը այսօրվա շուկայի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Բարձր գնահատելով կրթական բաղադրիչի շրջանակում կատարված մեծ ծավալի աշխատանքը, նա նշեց, որ Ֆրուտենիան ծանրակշիռ դերակատարություն է ունեցել ՀԱԱՀ-ի այգեպտղաբուծության ոլորտի կրթական ծրագրերի ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի բարելավման, արդիական պահանջներին բավարարող նոր դասագրքերի ու մասնագիտական բազմաթիվ նոր ձեռնարկների լույսընծայման ուղղությամբ, միաժամանակ օժանդակել առհասարակ երիտասարդության շրջանում մասնագիտության հանդեպ հետաքրքրության ավելացման գործում։
«Արդյունքները ակնհայտ են եւ տպավորիչ, սակայն շատ մեծ կարեւորություն եմ տալիս նախագծի կենսունակության եւ շարունակելիության համար ստեղծված նախադրյալներին․ հրապարակված ձեռնարկները ծառայելու են որպես գործնական ուղեցույց՝ առաջիկա տարիներին ոլորտում բազմամիլիոնանոց ներդրումներ կատարելու, ոլորտում շարունակական առջընթաց ապահովելու համար։ Համանման նախագծեր իրականացնելով, Ագրարային համալսարանը ոչ միայն ապահովում է ակադեմիական կրթության մակարդակն ու որակը, այլեւ հաջողում է գործնական դրական մեծ ազդեցություն ունենալ երկրի գյուղատնտեսության զարգացման վրա», – ասաց պարոն Զաքոյանը։
ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ԱԶԳ եւ ՀԱԱՀ գործընկերներին, ներկայացրեց բազմաբաղադրիչ նախագծի հիմնական արդյունքները՝ ՀԱԱՀ-ում ներդրված ագրոնոմիական ուղղվածության նոր առարկաները, դասավանդման նոր մեթոդները, դասախոսական կազմի վերապատրաստումը, համալսարանի Ոսկեհատի ՈԻՓՏ-ում հիմնված ինտենսիվ այգին, այգեպտղաբուծության մասնագիտական կարճաժամկետ հավաստագրման ծրագիրը ֆերմերների, դասախոսների և ուսանողների համար եւ այլն:
Նախագծի ավարտի առթիվ ներկաներին ջերմորեն ողջունեցին եւ դրա արդյունքները բարձր գնահատեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախագծի շահառուներից ու տեղացի փորձագետներից մի քանիսը։