Մարտի 3-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցի սաներին: Նրանց դիմավորեց ՀԱԱՀ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով քոլեջի՝ ներկայիս աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններն ու այստեղ սովորելու առավելությունները՝ սկսած դուալ կրթության շնորհիվ աշխատանքային փորձ ձեռքբերելու հնարավորությունից մինչև առանց ընդունելության քննությունների ուսումն Ագրարայինի բակալվրիատում շարունակելու առաջարկ: Դե իսկ Ագրարային համալսարանի ուսանող լինելու առավելություններին անդրադարձել ենք բազմիցս՝ երկրի պարենային անվտնագության համար կարևոր, հեռանկարային, լավ մասնագետ դառնալուն ավելանում է արտերկրի գործընկեր բուհերում կրթություն ստանալու հնարավորությունը, Տեխասի A&M համալսարանի հավաստագիր և ՀԱԱՀ-ի եւ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի կրկնակի դիպլոմ ստանալու առավելությունները, ուսմանը զուգահեռ վճարովի փորձուսուցումը ոլորտի առաջատար ընկերություններում և այլն:
Քոլեջի և բուհի մասին տեղեկություն ստանալուց հետո աշակերտները շրջեցին համալսարանում, եղան ՀԱԱՀ ջերմատանը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Օրգանական գյուղատնտեության, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների, Գարեջրագործության եւ խմորման լաբորատորիաներում, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ՀԱԱՀ անասնաբուժական կլինիկայում, որտեղ ստեղծված են բուհում ստացած մասնագիտական տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ ագրարային ոլորտի մասնագետ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու բոլոր հնարավորությունները:
«Նախքան Ագրարային համալսարան գալը լրիվ այլ պատկերացում ունեինք այս բուհի մասին, այսօր այստեղ տեսանք ավելին, քան սպասում էինք»,- նկատեցին մեր դպրոցական հյուրերը: