Գիտական խորհուրդն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ եւ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի քարտուղարությամբ, դոցենտի գիտական կոչում շնորհեց 11 երիտասարդ գիտնականի։
Խորհրդի նախագահի զեկուցումից հետո գիտական կոչման հավակնորդները հակիրճ ներկայացրին իրենց գիտական գործունեությունը, մասնավորապես՝ անդրադառնալով թեկնածուի գիտական աստիճան ստանալուց ի վեր իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին։ Հավակնորդներն իրենց խոսքում պատիվ համարեցին ՀԱԱՀ-ի դոցենտի կոչմանն արժանանալու հնարավորության համար։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումից եւ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հաղորդումից պարզ դարձավ, որ դոցենտի կոչման բոլոր 11 հավակնորդներին կողմ է քվեարկել գիտխորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությունը, մի քանիսին՝ առանց դեմ քվեների։
Համալսարանի գիտական այս բավականին տպավորիչ համալրման համար նորընծա դոցենտներին շնորհավորեցին պարոն Զաքոյանը, գիտխորհրդի անդամները։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուների հաստատմանը։ Զեկուցողը Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանն էր։ Գիտխորհրդի որոշմամբ հաստատվեց անվանական տարբեր կրթաթոշակներ ստանալու համար ֆակուլտետների ուսանողական եւ գիտական խորհուրդների երաշխավորած թեկնածուներին կրթաթոշակների տրամադրումը։
Ընթացիկ հարցերի շարքում, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի զեկուցման հիման վրա, գիտական խորհուրդը հաստատեց միջազգային գիտատեխնիկական պարբերականներում տպագրվող հոդվածների եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար խրախուսանքի ընթացակարգում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի հեղինակներին հավելյալ լրավճար ստանալու հնարավորություն է ընձեռվում։
Ընթացիկ հարցերի շարքում, Հրաչյա Զաքոյանի զեկուցմամբ, գիտխորհուրդը հաստատեց նաեւ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ կիսամյակների փոխհամապատասխանեցման առաջարկը, մեթոդխորհրդի երաշխավորությամբ՝ մեկ դասագիրք, մեկ ուսումնական ձեռնարկ, ինչպես նաեւ փոփոխություններ երկու կրթական ծրագրերի ուսումնական պլաններում։